Մոլդավացի երգչուհի Աննա Կոնստանտինովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին: Այդ մասին հայտնում է մրցույթին վերաբերող բլոգերից մեկը: Աննան իր ուժերը փորձել է իր երկրի նախընտրական փուլերում 2011 և 2012 թ-ին և չի անցել եզրափակիչ փուլ: Համացանցում արդեն ներկայացված է այն երգը, որով երգչուհին ցանկանում է ներկայանալ մրցույթին:
Նա ծնվել է 1992 թ-ին Մոլդովայի Քիշնև քաղաքում: Բացի երգելուց, զբաղվում է նաև գրաֆիկական դիզայնով և լուսանկարչությամբ:
Ավելի վաղ «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը ներկայացնելու ցանկության մասին հայտարարել էր նաև ավստրիացի Սանկիլ Ջոնսը:
Հիշեցնենք, որ հայ էստրադային երգիչները բոյկոտում են մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ:
Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:
Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:
«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ: