25 փետրվարի 2012 - 16:11 AMT
Հայ աստղագետի մասնակցությամբ նոր հայտնագործություն է արվել

Միջազգային գիտական խումբը, որի կազմում է հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը, հայտնաբերել է, որ երկրանման մոլորակների քիմիական կառուցվածքը կարող է խիստ տարբերվել երկրայինից: Այս փաստը կարող է կտրուկ ազդեցություն ունենալ երկրանման մոլորակների վրա կենսոլորտի և կյանքի առկայության և կազմավորման գործում:

Մոլորակների մայր աստղերի լուսոլորտների բաղադրության ուսումնասիրությունը մի բանալի է, որ թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են ձևավորվում նախամոլորակները, ինչպես նաև թե որ նախամոլորակային ամպերից են առաջանում մոլորակներ և որոնցից` ոչ: Այս ուսումնասիրությունները, որոնք կարևոր հետևանքներ կունենան հսկա մոլորակների էվոլյուցիայի և ձևավորման մոդելների համար, նաև մեզ օգնում են հետազոտել արտարեգակնային մոլորակների ներքին և մթնոլորտային կառուցվածքը և բաղադրությունը:

Հետազոտական խմբի կազմում են Ջեյդ Կարտեր-Բոնդը և Դեյվիդ Օ’Բրայենը (Մոլորակային հետազոտությունների ինստիտուտ, Արիզոնա, ԱՄՆ), Էլիսա Դելգադո Մենան և Նունու Սանտուշը (Պորտուի համալսարան, Պորտուգալիա), Գարիկ Իսրայելյանը և Ջոնայ Գոնսալես Էրնանդեսը (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ): Ամբողջական արդյունքները կհրապարակվեն 2012թ. մարտի 1-ին Astrophysical Journal Letters ամերիկյան հեղինակավոր ամսագրում:

Վերջին թվային սիմուլյացիաները ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ գոյություն ունի արտարեգակնային երկրանման մոլորակների ամենատարբեր քիմիական բաղադրություն: Այն մոլորակները, որոնց առաջացումը սիմուլացվել է Mg/Si-ի 1-ից փոքր արժեք ունեցող աստղերի շուրջ, ստացվել են Mg-ի պակասությամբ (Երկրի համեմատ)` բաղկացած սիլիկատային տեսակներից, ինչպիսիք են պիրոքսենը և դաշտային շպատների տարբեր տեսակները: Մոլորակային ածխածնային բաղադրությունները նույնպես տարբերվում են մայր աստղերի C/O հարաբերակցության համաձայն: Կանխատեսված բաղադրությունները համապատասխանում են աղտոտված սպիտակ թզուկների դիտումներին (որոնք ակրեցիայի են ենթարկել իրենց ներքին մոլորակները կարմիր հսկայի նախորդող փուլի ընթացքում), հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը: