Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ամենաբարձր վարկանիշն ունի հայ հանրության շրջանում, որի շնորհիվ մտադիր է հաջողության հասնել ընտրություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, երբ «ողջ իշխանական համակարգը փորձում էր թույլ չտալ, որ Սասուն Միքայելյանն ընտրվի»: «Սասուն Միքայելյանը 46 տոկոս հավաքեց: Կարծում եմ, այս ցուցանիշը կարելի է արդարացի համարել ողջ Հայաստանի համար»,-ասել է նա:
Ընդ որում, Մուսինյանը հավելել է, որ չի կարող ասել, թե մոտավորապես քանի մանդատ կստանա ընտրությունների արդյունքում, քանի որ քաղաքական գործընթացները երկրում շատ արագ են զարգանում: Նա միայն ընդգծեց, որ մանդատների քանակը ինքնանպատակ չէ նրանց համար, այլ «իշխող ռեժիմի» դեմ պայքարելու միջոց:
Մուսինյանը նաև մեկնաբանել է վերջին սոցհարցումները, որոնց համաձայն ՀԱԿ-ը 3-րդ տեղում է ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից հետո, հայտարարելով, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չի կարելի վստահել սոցհարցումների արդյունքներին: Որպես ապացույց նա հիշեցրեց 2008թ. նախագահական ընտրությունները, երբ ըստ սոցիոլոգների Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հավաքեր 5 տոկոս:
Փետրվարի 12-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը: Ըստ ԿԸՀ կայքի, նրա օգտին քվեարկել է 13 049 մարդ: ՀԱԿ թեկնածու, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի օգտին քվեարկել է 11 506 մարդ: