27 փետրվարի 2012 - 16:06 AMT
Մնացականյան. ԵՄ հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները կարևոր են Երևանի համար

ԵՄ հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունների մեկնարկը մեծ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար: Ամփոփելով բանակցությունների առաջին փուլը` նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօր Հայաստանի ու Եվրամիության միջև ակտիվ համագործակցություն է իրականացվում տարբեր մակարդակներում, և երբ մենք խորացնում ենք համագործակցությունը, այն իսկապես համապարփակ է դառնում»,- հայտնել է նա:

Մնացականյանի խոսքով` Հայաստանն արդեն ունի երկկողմ ձևաչափով նման բանակցություններ վարելու փորձ:

Ինչ վերաբերում է պայմանագրի ստորագրմանը, Մնացականյանը վստահեցրել է, որ «այդ բանակցությունները տարիներ չեն տևելու»:

Երևանում մեկնարկել են ՀՀ և ԵՄ միջև արտոնագրի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի վերաբերյալ բանակցությունները: