27 փետրվարի 2012 - 17:58 AMT
ԵՄ-ն Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչել է «սիրիացիների օրինական ներկայացուցիչ»

Երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպում անցկացնող ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները հայտարարել են Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը «սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ» ճանաչելու մասին, ասվում է ԵՄ Խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ն Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչում է որպես ժողովրդավարական փոփոխությունների ձգտող սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ:

ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը գերազանցել է 5,4 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: