28 փետրվարի 2012 - 09:16 AMT
Սերգեյ Մինասյան. Բունդեսթագի որոշումը կախված կլինի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից

Գերմանիայի Բունդեսթագի կողմից ԳՖՀ կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող խնդրագրի վերաբերյալ որոշումը կախված է լինելու Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից: Նման կարծիք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում արտահայտել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Եթե դա տեղի ունենա, ապա Գերմանիայում համանման խնդրագրի ընդունման հավանականությունը կմեծանա, եթե ոչ`դժվար կլինի կանխագուշակել իրադարձությունների ընթացքը»,-ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավոր է, որ նման օրինագծերի ընդունումը շղթայական բնույթ կրի ամբողջ Եվրոպայում, Մինասյանը նկատել է, որ «այս հարցում շղթայական արձագանք լինել չի կարող, քանի որ ցեղասպանության վերաբերյալ օրենքների ընդունման դեպքում գործում են ոչ թե ֆիզիկայի օրենքները, այլ քաղաքականության, որոնց համաձայն, կողմերը պետք է հետաքրքրված լինեն այս հարցով»:

«Այսպես, Ֆրանսիայի դեպքում մի կողմից առկա է լուրջ դիմադրություն, մյուս կողմից քաղաքական էլիտա, որը ձգտում է ընդունել օրինագիծը»,-հավելել է նա:

Գերմանիայի Բունդեսթագը, Խնդրագրերի վերաբերյալ հանձնաժողովի կայանալիք նեիստերից մեկի ժամանակ, կքննարկի ԳՖՀ կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող խնդրագրի վերաբերյալ որոշումը: «Ի պատասխան 2012 թվականի հունվարի 26-ին ներկայացված խնդրագրի, Բունդեսթագի հանձնաժողովը տեղեկացրել է դոկտոր Թեսսա Հոֆֆմանի գլխավորած ցեղասպանությունների ճանաչման դեպարտամենտին` տվյալ հարցը քննարկելու մասին մտադրության մասին»,- PanARMENIAN.Net –ին հայտնել է գերմանական աղբյուրը:

Ինչպես հայտնի է, 2005թ հունիսին Գերմանիայի Բունդեսթագը, առանց նախնական քննարկման միաձայն որոշում ընդունեց ` «1915թ ապրիլի 24-ի հայոց ջարդերի 90 ամյակի կապակցությամբ հայտարարել հիշատակի օր. Գերմանիան պետք է նպաստի հայերի և թուրքերի հարաբերությունների կարգավորմանը»: Որոշման նախագիծը ներկայացվել էր Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական միությունների կողմից: Փաստաթղթում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված գործողությունները չեն որակվում որպես ցեղասպանություն, սակայն կա պարբերություն, որում ասվում է, որ միջազգային աղբյուրները տեղի ունեցածը կոչում են Հայոց ցեղասպանություն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: