Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ մարտի 5-ից Մելինե Դալուզյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը Ծաղկաձորում կսկսեն պատրաստվել ամառային Օլիմպիական խաղերին:
«Մինչև Օլիմպիադան մենք կանցկացնենք երկշաբաթյա հավաքներ, որոնց միջև աղջիկները 3 օր կհանգստանան: Հայաստանի հավաքականը բաց կթողնի Անթալիայի Եվրոպայի առաջնությունը, քանի որ ներկայումս չունենք ուժեղ ծանրորդուհիներ, որոնք կպայքարեին մեդալների համար: Իսկ Մելինեն և Հռիփսիմեն չեն հասնի վերականգնվել Օլիմպիադայի համար»,-ընդգծել է Ներսիսյանը:
Նախորդ շաբաթ ավարտվել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 30 ծանրորդուհիներ: Մարզչի կարծիքով ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում ծանրամարտով ավելի շատ աղջիկներ են սկսել զբաղվել: «Այս ծանրորդուհիներից մենք կկարողանանք ընտրել հավաքականի անդամներ»: