2 փետրվարի 2004 - 21:00 AMT
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 92 ՔԱՂԱՔԱՑԻ
Փետրվարի 1-ին Աշխաբադից Երեւան է հայրենադարձվել Հայաստանի 92 քաղաքացի: Ակցիան անցել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատան եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Թուրքմենստանում ՀՀ դեսպանատանը, հայրենադարձների հիմնական մասը կազմում են 92-93 թթ. աշխատանք փնտրելու նպատակով Հայաստանից հեռացած մարդիկ: Նրանք ապօրինի բնակիչներ դարձան Թուրքմենստանում 1999 թվականին, երբ այդ երկիրը միակողմանի կարգով վիզային ռեժիմ սկսեց կիրառել ԱՊՀ երկրների բնակիչների համար: Աղբյուրի համաձայն, ներկայիս ակցիայի ընթացքում հնարավորություն է եղել իրականացնել մինչեւ 100 մարդու հայրենադարձություն, սակայն Թուրքմենստանից մեկնելու ցանկություն հայտնողների թիվը չի գերազանցել 92: Ակցիան հովանավորել են Նիդերլանդների եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները, որոնք 43 հազար դոլարի չափով դրամաշնորհ են հատկացրել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքմենստանից հայրենադարձվել էր թուրքմենական տարբեր քաղաքներում ապօրինաբար բնակվող Հայաստանի 116 քաղաքացի: