1 մարտի 2012 - 11:14 AMT
Հիլարի Քլինթոնը փորձել է արդարացնել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հեղինակ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ խնդրելով պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Մասնավորապես, կոնգրեսականն անդրադարձել է Քլինթոնի վերջին հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը դա պատմական հարց է՝ նշելով, որ այդ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել ոչ միայն հայերի ու ամերիկացիների, այլ նաև իրավապաշտպանների մոտ:

Ի պատասխան Քլինթոնն ասել է, թե իր հայտարարությունը պատասխան է եղել այն հարցին, որ Ֆանսիայում մտադիր են քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: «Ես վտանգավոր եմ համարում նման որոշումը, քանի որ դա վերաբերում է խոսքի ազատությանը»,-ասել է նա:

«Սակայն, եթե ավելի պարզ խոսենք, ես կասեմ, որ ԱՄՆ-ն ճանաչում է 1915թ. իրադարձությունները որպես 20 դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը: Ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին ու համերաշխություն հայտնում հայ ժողովրդին»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը բազմիցս է հայտարարել, թե բոլորն են շահագրգռված, որ փաստերը լիակատար, բացահայտ ու արդար ճանաչում ստանան:

Պետքարտուղարը նաև նշել է, որ նախագահ Օբաման, ինչպես և նախորդ նախագահները, սատարել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: «Մենք գտնում ենք, որ այս իրավիճակը լիովին արտացոլում է 1915թ. ահասարսուռ իրադարձությունները, սակայն, նպատակ ունենք նաև մթնոլորտ ստեղծել, որտեղ երկու երկրների ժողովուրդները կկարողանան առաջ շարժվել»,-ասել է նա:

Պատասխանելով Շիֆի հարցին այն մասին, թե արդյոք ԱՄՆ դատարանի որոշումը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գույքի փոխհատուցման Կալիֆորնիայի օրենքի մասին արտացոլում է Պետդեպարտամենտի քաղաքականությունը, Քլինթոնն ասել է.«Ես կարող եմ միայն հաստատել, որ, անկասկած, ներկայիս վարչակազմի քաղաքականությունն է, որ հայ և թուրք ժողովրդների և կառավարությունների կողմից որոշակի քայլեր ձեռնարկվեն խաղաղ ու արդյունավետ համագործակցության համար»:

ԱՄՆ իններորդ դաշնային վճռաբեկ դատարանը ընդունել է որոշում այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերին ունեցվածքի հատուցման մասին Կալիֆոռնիայի օրենքը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու դաշնային օրենքին: Դատարանի որոշումը հիմնավորված է Թուրքիայի կողմից այդ առիթով հնչող սպառնալիքներով և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշմամբ ԱՄՆ դաշնային Վերաքննիչ դատարանը սկսել է մի գործի քննությունը, որով դիտարկվում են առկա հակասությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կալիֆորնիայի օրենսդրության ու ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի միջև, հայտնում է The Associated Press-ը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմք է ստեղծում նրա համար, որ երեք գերմանական ապահովագրական գործակալություններ հատուցումներ վճարեն Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:

Սա արդեն երրորդ անգամն է, երբ դատարանը սկսում է այս նրբանկատ գործի քննությունը: 2009թ. գործը կասեցվեց այն բանից հետո, երբ դատավորը վերջին պահին փոխեց իր որոշումը հոգուտ ժառանգների: Ըստ նոյեմբերի 7-ին արված կարճ հայտարարության, նոր հայտարարությամբ չեղյալ է համարվում նախորդը:

Ըստ ապահովագրական ընկերությունների, Կալիֆորնիայի օրենքը «հակասում է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը, որը, ըստ ընկերությունների, սատարում է Թուրքիային»: Այս գաղափարի օգտին են բերվում ԱՄՆ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնի ու Ջորջ Բուշի հայտարարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Մինչդեռ, ինչպես հայտնում են իրավաբանները, Կալիֆորնիայի օրենքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ նախագահների նշված հայտարարությունները չեն արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: