
«Մարտի մեկը մեզ համար ողբերգական դարձավ իր հետևանքներով: Ես ինքս ներկա էի այդ գիշեր, և տա Աստված, որ մենք էլ այդ օրը չտեսնենք: Դա աքլորակռիվ էր: Ամենամեծ ողբերգությունը մեր ազգի համար այն է, երբ հայն է դուրս գալիս հայի դեմ, իսկ մենք դրա իրանվունքը չունենք: Մենք մեծ խնդիր ունենք՝ Ցեղասպանության ճանաչումը: Մենք միասին պետք է դուրս գանք մեր թշնամու դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի դեպքերին, ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ հավելելով, որ ինքը տեսնում է՝ Հայաստանը թույլ է . «Ուժեղ լինելու համար նախ պետք է փնտրել ձախողումների պատճառները, և հետո՝ ուժեղ լինելու համար պետք է, որ ժողովուրդը ուժեղ լինի»:
«Մարտիմեկյան իրադարձությունները մեր ազգին պատիվ չեն բերում: Ես մինչ այժմ նկատում եմ, որ Հայաստանի մասնակցությունը քննարկելիս որևէ միջազգային նախագծերում, Հայաստանի նկարագրության մեջ առկա է այդ մինուսը»,-ասաց ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Նա «մարտի մեկերից» խուսափելու համար մի քանի մեթոդ նշեց. «Նախ հասարակությունն ու իշխանությունը պետք է կարողանան միմյանց հետ խոսել: Երբ հասարկության մի խումբ համաձայն չէ իշխանության հետ, նորմալ է, երբ բռնություն չկա : Ե՛վ հասարակությունը, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է երկխոսության միջանցք ունենան»:
Աթանեսյանն առաջարկում է իշխանությունից դժգոհություն հայտնելուց առաջ նախ այդ խնդիրները հասարակության մեջ փնտրել. «Մենք ենք այդ հայելին, որտեղ կարելի է մեր ազգի բացերը տեսնել, հենց մեզնից է պետք սկսել, պետք է հասարակական մակարդակով հեղափոխություն սկսենք: Մենք չգիտենք եվրոպացի ենք, թե ասիացի, չգիտենք՝ որն է մեր երաժշտությունը: Մենք խոսում եք ազգային երաժշտությունից, բայց լսում ու երգում ենք այլ բան: Մի՞թե սրանում իշխանությունն է մեղավոր»,-սոցիոլոգը հավելեց ,որ Հայստանում շատ են դեֆիցիտները, բայց ամենամեծ դեֆիցիտը մեզանում վստահությունն է, և սա մեր ազգի ամենամեծ խնդիրն է: