Ադրբեջանի Ղուբա շրջկենտրոն (հյուսիս), որտեղ անկարգություններ են տեղի ունեցել, զրահատեխնիկա է ուղորդվել և ներքին զորքերի ստորաբաժանումներ: Այդ մասին հայտնում է Contact.az-ը: Ըստ պարբերականի, տեղի ոստիկանությունը չի կարողացել սեփական ուժերով ճնշել անկարգությունները:
Անկարգությունների համար առիթ են հանդիսացել շրջկենտրոնի ղեկավարի հայտարարությունները, որը մեղադրել է բնակիչներին ծախվելու մեջ:
Մարտի 1-ի առավոտյան շրջկենտրոնի բնակիչները հանրահավաքի են հավաքվել վարչական շենքի մոտ: Ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ: Նրանք պահանջել են, որպեսզի պաշտոնյան ներողություն խնդրի և հրաժարական տա: Խաբիբովը դուրս է եկել և ներողություն խնդրել, ասելով, որ «շրջկենտրոնի բնակիչները թանկ են իր համար»: Սակայն ակցիայի մասնակիցները դա անբավարար են համարել: Նրանք ներխուժել են վարչական շենք ու ջախջախել են հյուրերի սենյակը:
Ոստիկանությունը փորձել է ցրել հանրահավաքը, կիրառվել է արցունքաբեր գազ: Բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ըստ նախնական տեղեկատվության, չորս մարդ է տուժել՝ երեք ոստիկան և մեկ ցուցարար:
Ցուցարարները հրկիզումներ են կատարել, մասնավորապես հրկիզել են վարչական շենքն ու չայխանան: Բացի այդ, հրդեհ են սարքել Խաբիբովի տանը: Vesti.az-ը հայտնում է, որ Ղուբայի բնակիչները մտադիր են հրկիզել նաև Խաբիբովի վիլլան և արդեն այնտեղ են գնում:
Ձերբակալվածների մասին հստակ տեղեկություններ չկան: Vesti.az-ը հայտնում է, որ մոտ 15 մարդ է ձերբակալվել: Contact.az-ը իր հերթին հայտնում է, որ ձերբակալվել է 200 ցուցարար: