2 մարտի 2012 - 13:49 AMT
ԲՀԿ-ն կսատարի այլ կուսակցություններին, եթե նրանք դիմեն ՍԴ՝ արտակարգ դրության մասին նոր օրենքի վերաբերյալ

Անհրաժտության դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կսատարի մյուս կուսակցություններին, եթե նրանք դիմեն Սահմանադրական դատարան՝ արտակարգ դրության մասին նոր օրենքի վերաբերյալ: «Եթե պետք լինի մենք նույնպես կմիանանք մյուս կուսակցություններին՝ ՍԴ-ին դիմելու հարցում»,-ասել է ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը: Իր հերթին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ այժմ իրավաբանները ուսումնասիրում են նոր օրենքը և կներկայացնեն իրենց առաջարկները:

ԲՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ բոլոր անհրաժեշտ ուղղումներն այդ օրենքում արդեն արվել են և նա չի կարծում, թե հակկավոր են նոր առաջարկներ կամ պետք է դիմել Սահմանադրական դատարան:

Իր հերթին «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ նոր օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: Նա նաև նշել է, որ չի հավատում, թե բանակը իր ժողովրդի դեմ կգնա, «Ես գտնում եմ, որ բանակը գոյություն ունի ժողովրդին պաշտպանելու համար, և չեմ կարծում, որ այն կկիրառվի ժողովրդի դեմ»:

Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար պետք է 27 պատգամավորների համաձայնությունը:

ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուկից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը: Քվեարկությունից անմիջապես հետո բոլոր պատգամավորները իշխող կոալիցիայից լքել են դահլիճը՝ առաջացնելով «Ժառանգության» խմբակցության պատգամավորների դժգոհությունը: Նրանք համարում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի հնարավոր չլինի համեմատել տաբլոյի ու դահլիճի արդյունքները: Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին խոսել ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ անուններ նշելով: Դրանից հետո պատգամավորներն անցել են օրակարգի մյուս հարցերին:

Քվեարկությունից առաջ մթնոլորտը բավականին լարված էր: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը որոշել էր կանգնած հետևել մյուս պատգամավորների քվեարկությանը, որպեսզի մեկը մյուսի փոխարեն չքվեարկի: ԱԺ խոսնակը խնդրեց նրան զբաղեցնել իր տեղը , ի պատասխան ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորն իրավունք ունի գտնվել դահլիճի ցանկացած տեղում: Նիկոյանն իր հերթին հավաստիացրեց, որ քվեարկության վահանակը երկար ժամանակ կգտնվի պատգամավորների տեսադաշտում և նրանք կարող են համեմատել արդյունքները: Հովհաննիսյանն ասել է, դահլիճի պատկերն ավելի հետաքրքիր է, քան տաբլոն:

Հանրապետական Մանվել Բավեյանը տեղից նշել է, որ որոշ պատգամավորներ իրենց համարում են բանտապահներ և դա նրան դուր չի գալիս:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: