Մաշտոց պողոտայի պուրակում վաղը կկայանա խոշոր բնապահպանական ֆորում` նվիրված երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերին` հիմնված ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների վրա:
Ֆորումի ընթացքում լայն հանրությանը կներկայացվեն մասնավորապես հանրային կանաչ տարածքների և հանքարդյունաբերության, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: Կհնչեն ելույթներ և քննարկումների հարթակներ կլինեն: Նախատեսվում է ընդունել մասնակիցների անունից համատեղ հայտարարություն:
Ֆորումին զուգահեռ կկազմակերպվեն լուսանկարչական ցուցահանդեսներ հետևյալ խորագրերով` «Երևանի կանաչ, ընդհանուր օգտագործման տարածքների վիճակը» և «Հանքարդյունաբերության հետևանքները»:
Մաշտոցի այգու կառուցապատման դեմ պայքարը սկվեց 21 օր առաջ: Շարժմանը մասնակցում են քաղաքացիական նախաձեռնություններ, մասնավորապես` «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան», «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունները և ՀՀ բազմաթիվ ինքնորոշված քաղաքացիներ: Շարժման գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերականգնել հանրային տարածքը` ի շահ հանրային սեփականության իրավունքի:
Չնայած այն փաստին, որ այգու պաշտպաններին հաջողվել է կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրն ուղղորդել իրավական հարթակ, այնուհանդերձ մինչ օրս չի կայացվել պաշտոնական որոշում շինարարության դադարեցման, կրպակների ու սրճարանի ընդլայնված հատվածի ապամոնտաժման և պուրակը բարեկարգելու վերաբերյալ: