
Ճանապարհային ոստիկանության ավտոտեսուչները գրանցում են ամսական 2000 խախտում, իսկ արագաչափ տեսախցիկները մեկ ամսում մոտ 12 000։ Եվ եթե 2011-ին տեսուչները արձանագրել էին 750 000 երթևեկության խախտում (ամսական 62 500), ապա 2012-ին այս թիվը խիստ կտարբերվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, 2012-ի ընթացքում նախատեսվում է տեղադրել ևս 90 արագաչափ տեսախցիկներ, որոնք կօգնեն վերահսկել երթևեկությունը։
Հայաստանի ոստիկանության կողմից հայտարարված ճանապարհային երթևեկությանը, շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը հետևելու համակարգի ներդրման մրցույթի արդյունքում, ՀՀ ոստիկանության և «Security dream» ընկերության միջև կնքվել է 25 տարվա պայմանագիր: 2011թ ընկերությունը կազմակերպել և շահագործման է հանձնել խախտումների ֆիքսման կենտրոնը, որը Երևանի 10 խաչմերուկում տեղադրել է արագաչափ 15 տեսախցիկներ, ինչպես նաև Երևանի մարդաշատ վայրերում 20 դիտարկման տեսախցիկներ է տեղադրել:
Առաջիկա 6 տարիների ընթացքում ծրագիրը կընդլայնվի` կտեղադրվեն արագությունը ֆիքսող 185 տեսախցիկներ Երևանում և մջպետական ավտոմայրուղիներում, ինչպես նաև 90 խաչմերուկներում դիտարկման խցիկներ: 2011-2017թթ ընկերությունը կիրականացնի 9.849562 եվրոյի ներդրում: