5 մարտի 2012 - 12:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» շահույթը 2011թ. աճել է 40 տոկոսով՝ հասնելով 8,3 մլրդ դրամի

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հրապարակված տարեկան շահույթը մինչև հարկումը կազմել է 8.3 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 40%-ով բարձր է 2010 թվականի համադրելի ցուցանիշից: Այդ մասին մարտի 5-ին Երևանում լրագրողներին է հայտնել բանկի գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը: Ըստ նրա, բանկի ակտիվներն աճել են 23.5%-ով` կազմելով 179 միլիարդ ՀՀ դրամ: Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 25.7%-ով` կազմելով 108 միլիարդ ՀՀ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 86.5 միլիարդ ՀՀ դրամ: Վերջինս 34%-ով բարձր է 2010 թվականի համադրելի ցուցանիշից:

Տնօրենը հավելել է նաև, որ հաճախորդների ավանդները 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ աճել են 14.4%-ով` կազմելով 120 միլիարդ ՀՀ դրամ: Բանկը 2011 թվականի ընթացքում վճարել է 1.1 միլիարդ ՀՀ դրամ շահաբաժիններ 2010 թվականի արդյունքներով: Վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 միլիարդ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ` 145%:

Միաժամանակ բանկիրը հավաստիացրել է, որ բանկը բավականին մեծ լիկվիդայնություն ունի և ամեն տարի համապատասխան սթրես-թեստեր է անցկացնում:

Անդրադառնալով Ինտերնետ ու հեռախոսային բանկինգին՝ Գևորգ Թառումյանն ասել է, որ Հայաստանում այդ ոլորտում աճ է արձանագրվում: Մասնավորապես, ըստ նրա, 2010թ. ի վեր այդ ոլորտում օգտատերերի քանակը 15 500-ից աճել է մինչ 22 800:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արժանացել է բրիտանական The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին (Լոնդոն, նոյեմբեր 2011թ.):

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանում «Լավագույն բանկը Հայաստանում» (Նյու-Յորք, մարտ 2011թ.):

«Մեծ գոհունակությամբ պետք է նշեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կողմից 2011 թվականին արձանագրված հաջողությունը` բանկային ոլորտում և իր պատմության ընթացքում ամենաբարձր շահույթը: Էյչ-Էս-Բի-Սի-ն պահպանում է իր ամուր դիրքերը այս չափազանց մրցակցային շուկայում, և մեր հստակ ռազմավարությունն ու կատարված աշխատանքը 2012 թվականին դինամիկ աճի հույս են ներշնչում», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

ՖՈՏՈՇԱՐՔ