5 մարտի 2012 - 12:37 AMT
Մաշտոցի պուրակում պայքարը շարունակվում է. Օր 22

Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարը շարունակվում է: Ակտիվիստները տարածել են հերթական հաղորդագրությունը՝ նշելով, որ Երևանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է իր գագաթնակետին: «Մենք՝ արդեն 22 օր շարունակ Երևանի Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիներս և բնակիչներս, քաղաքային իշխանությունից դեռ չենք ստացել հանրության բողոքի համարժեք լուծում: Մենք դատապարտում ենք հանրային սեփականություն համարվող տարածքների յուրացումը և հանրային շահը մասնավորին ստորադասելը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մաշտոցի պուրակի ճակատագրով մտահոգ Երևանի լայն հանրության և ստորագրահավաքի շուրջ 5000 մասնակիցները պահանջում են անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները:

«Եթե քաղաքային իշխանությունը և այլ պատկան մարմինները չեն կարող համարժեք արձագանքել հանրության արդարացի պահանջին, ապա հանրությունը ինքն է ինքնուրույն տեր կանգնում հանրային սեփականությանը և թույլ չի տալիս այդ ապօրինի շինությունների գոյությունն ու շահագործումը: Հանրային զբոսայգում պայքարողների հետ միասին բոլորս պատրաստ ենք կանխել ապօրինի շինարարությունը շարունակելու ցանկացած փորձ և հասնել Մաշտոցի պուրակում բոլոր կառույցների ապամոնտաժմանը և կանաչ գոտու լիարժեք վերականգնմանը»,- նշում են ակտիվիստները: