Էյչ-Էս-Բի-Սի Բանկ խմբի մինչ հարկումը հրապարակված տարեկան շահույթը 2011թ. ավելացել է 15 տոկոսով 2010թ. համեմատ ու կազմել է մոտ 22 մլրդ դոլար: Այդ մասին մարտի 5-ին Երևանում լրագրողներին է հայտնել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
«2011թ. HSBC խմբի համար բավականին հաջող էր, չնայած բարդ միջավայրին»,-ասել է նա: Ըստ հայկական բանկի տնօրենի, խմբի աշխատանքը շահութաբեր էր գործնականում բիզնեսի բոլոր ուղղություններով, մասնավորապես, լավ ցուցանիշներ են գրանցվել կորպորատիվ հաճախորդների վարկավորման գծով, իսկ առավելագույն շահույթն ապահովել են Ասիան ու Լատինական Ամերիկան:
Ասթրիդ Քլիֆֆորդն ասել է, որ վարկերի արժեզրկումը կրճատվել է մինչև 2 մլրդ դոլար, ինչը 14 տոկոսով պակաս է 2010թ., Խմբի ընդհանուր ակտիվներն աճել են 4 տոկոսով կամ 2,5 մլրդ դոլարով, իսկ հաճախորդներից ստացված միջոցները ավելացել են 1, 2 տրիլիոն դոլարով: «Խումբը հայտարարել է 7,3 մլրդ դոլարի դիվիդենտների վճարման մասին 2011թ., ինչը 14 տոկոսով գերազանցում է նախորդ ցուցանիշը: Խումբը դիվիդենտների վճարման ամենաբարձր գործակիցն ունի աշխարհում»,-ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի Գլխավոր գործադիր տնօրենը:
Ֆինանսական արդյունքներից բացի, Էյչ-Էս-Բի-Սի-ն արժանացել է նաև մի շարք պարգևների, որոնց թվում ամենապատվաբերներց է ամենաթանկ բրենդը Brand Finance-ի վարկածով, որի արժեքը փորձագետները գնահատել են 27,5 մլրդ դոլար: Ստյուրատ Գուլիվերի օրոք, որը ստանձնեց HSBC գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը 2010թ. վերջում, բանկը անցնոմ է բիզնեսի վերակառուցման փուլ: 2013թ. ընկերությունը մտադիր է կրճատել մոտ 30 հազար աշխատատեղ, միաժամանակ նոր 15 հազար աշխատատեղ ստեղծելով զարգացող երկրներում: Այդ միջոցները կոչված են մոտ 3, 5 մլրդ դոլար տնտեսելու մինչ 2013թ.:
HSBC Holdings-ը շուկայական կապիտալիզացիայի մակարդակով առաջինն է Եվրոպայում, այն գործում է 85 երկրներում, աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 300 հազարի: