7 մարտի 2012 - 18:01 AMT
ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին` երկրում ներդրումային մթնոլորտի բարելավման հարցում

Հայաստանի կառավարությունը վերջին տարիների ընթացքում շատ ջանքեր է գործադրել` ներդրումային մթնոլորտը բարելավելու համար, կարծում է Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի տարածքում ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը:

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ 2011թ ՎԶԵԲ Հայաստանում իրականացրել է մոտ 21 ծրագիր, որոնց ընդհանուր գումարը 125 մլն դոլար է: «Բանկը մասնավոր հատվածում խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրող է և մեր ներդրումները տարեց տարի աճում է»,-ընդգծել է նա մարտի 7-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա, ներդրումներին նպաստում է երկրի բարենպաստ ներդրումային կլիման, մասնավորապես` լավ օրենսդիր, հարկային և անցակետային դաշտերը, հավասար մրցունակության պայմանները:

Ներդրումային մթնոլորտը բարելավելու համար գլխավոր տնօրենը առանձնացրել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի լիազորությունների ընդլայնումը:

Սակայն Դեկամպի խոսքով, սա դեռ բավական չէ և պետք է առաջ գնալ քայլ քայլի ետևից, և այստեղ ՎԶԵԲ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի կառավարության հետ` այս ուղղությամբ հետևողական քայլեր իրականացնելու համար:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` երկրի տնտեսության և ՎԶԵԲ-ի սպասելիք դերի մասին թարմ ինֆորմացիա ստանալու համար:

Ինչպես հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, այցը կկայանա ՎԶԵԲ 2012-2015 ռազմավարության շրջանակներում, որում հաստատվում է բանկի անխախտ որոշումը` նպաստելու երկրի կայուն զարգացմանը, ֆինանսական սեգմենտի և մասնավոր սեկտորի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: