
Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:
Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Գարեգին Բ-ն ի դեմս նախարարի նաև երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար:
Հանդիպմանը նախարարը Գարեգին Բ-ին փոխանցեց Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցած տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայ Առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար:
Նախարարը կաթողիկոսին ներկայացրեց նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը: