Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան խորհուրդ է տալիս անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ գործող բլոկի կյանքի երկարացնելու ուղղությամբ: «Եթե դա ժամանակին չարվի, կայանը հարկ կլինի փակել առանց որևէ այլընտրանքի: Ռուսաստանում դա արդեն տեղի է ունեցել մի քանի օբյեկտներում»,-ասել է նա մարտի 12-ին Երևանում:
Միաժամանակ ԶԵԱԲ ներկայացուցիչը «տարօրինակ է» համարել ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագիծը: «Շատ ավելի դյուրին ու էժան է միջոցներ ներդնել գործող բլոկի ռեսուրսների երկարացման գործում»,-ասել է նա:
Հայաստանը մտադիր է 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել ներկա ԱԷԿ-ի տարածքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հաշվի առնելով միջազգային փորձը, Հայաստանը կաշխատի 10 տարով երկարացնել գործող ԱԷԿ-ի կյանքը, մինչև նորի կառուցումը, որի համար կպահանջվի 100-150 մլն դոլար: