12 մարտի 2012 - 18:06 AMT
Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել TEDxYerevanLive միջոցառումը

Ավելի քան 100 բլոգերներ, ուսանողներ, հասարակական ոլորտի ակտիվիստներ մարտի 3-ին մասնակցել են Թումո ստեղծարար տեխնոլոգինարի կենտրոնում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Long Beach քաղաքից հեռարձակվող TEDxLive միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են TEDxYerevan միջոցառման կազմակերպիչները, ովքեր TED-ից ստացել են TEDx Live միջոցառման հեռարձակման արտոնագիր։

Միջոցառման ժամանակ մասնակիցները դիտել են TED Conference-ի ելույթներից։ Բանախոսների թվում եղել են տարբեր մասնագետներ՝ տնտեսագետներից մինչև ֆիլմարտադրողներ։ Նրանք բանախոսել են նորագույն տեխնոլոգինարից մինչև հնագիտություն։

«Մենք հպարտ ենք, որ հնարավոր դարձավ կազմակերպել TEDxLive միջոցառումը Երևանում»,- ասել է TEDxYerevanLive -ի լիազորված կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը։

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Առաջնորդվելով «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով՝ TED-ը ստեղծել է TEDx-ը: TEDx –ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED–ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը:

Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, Պրն Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը: TED-ի ամենամյա համագումարը տեղի է ունենում Կալիֆորնիա նահանգի Long Beach քաղաքում։