12 մարտի 2012 - 18:18 AMT
Կհեռարձակվի ՞ արդյոք «Եվրատեսիլ 2012»-ը Հայաստանում, հայտնի չէ

Դեռ պարզ չէ, Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ը կհեռարձակվի՞ Առաջին ալիքի եթերով, թե ոչ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նշեց, որ ոչինչ հստակ չի կարող ասել այդ հարցի շուրջ:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ին Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) հայտնել էին, որ Հայասատանն այս տարի չի մասնակցելու մրցույթին, իրավունք չունի քվեարկելու, սակայն կարող է հեռարձակել այն:

Մրցույթի պաշտոնական կայքում «Եվրատեսիլ 2012»-ի բոլոր փուլերը հեռարձակվելու են ուղիղ կապով, և մրցույթի երկրպագուները կարող են հետևել մրցույթին այդ տարբերակով:

Հայաստանը հրաժարվել է մասնակցել մրցույթին: Նման որոշման համար առիթ է հանդիսացել հայ ժամկետային զինծառայողի մահացու վիրավորանքը, որ նա ստացել է շփման գծում ադրբեջանցի զինվորի կրակոցից: Մարտի 7-ին Հանրային հեռուստատեսությունը պաշտոնապես իրազեկեց ստուգատեսին մասնակցելուց հրաժարվելու մասին:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: