Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ հանդիպումից մի քանի օր անց, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ի դեմս Միքայել Ղազարյանի (Լիոն), Պասկալ Չամասյանի (Մարսել), Ալեքսիս Գովչյանի, Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի (Փարիզ) մարտի 12-ին հանդիպել է ընդդիմադիր Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժակ Էքյանը, հանդիպման ընթացքում Օլանդը պատրաստակամություն է հայտնել հասնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:
Նա պարտավորվել է նախագահ ընտրվելու դեպքում նոր օրինագիծ ներկայացնել կառավարությանը: Նա նշել է նաև, որ եթե ինքը դառնա Ֆրանսիայի նախագահ, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին նրա անդամակցելու չափանիշներից մեկը կլինի: Օլանդը նաև հաստատել է իր «սկզբունքայնությունը» Փարիզում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման հարցում, որը նախատեսվում է բացել 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին:
Օլանդը նաև պարտավորվել է հատուկ ուշադրություն դարձնել ղարաբաղյան կարգավորմանը:
Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: