13 մարտի 2012 - 18:39 AMT
Լարիսա Ալավերդյան. ՀՀԿ-ն ֆալստարտ թույլ տվեց, ինչն անթույլատրելի է

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 13-րդ համագումարում հնչած ելույթում չկար ոչ մի նոր գաղափարախոսություն, ոչ մի նոր քաղաքական, տնտեսական կամ հակակոռուպցիոն պլան կուսակցության հետագա աշխատանքի առումով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգության» ԱԺ խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Պատգամավորը նշել է նաև, որ ՀՀԿ-ն ֆալստարտ թույլ տվեց, ժամանակից շուտ սկսելով նախընտրական քարոզը, ինչն անթույլատրելի է, հատկապես, եթե այն գլխավորում է ՀՀ նախագահը:

Մեկնաբանելով երգչուհի Շուշան Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ինքը դեմ չէր լինի անդամակցել ՀՀԿ-ին ու պատգամավոր առաջադրվել, Լարիսա Ալավերդյանն ասել է. «Ազգային ժողովը իշխանության այն մարմինը չէ, որ վստահություն է վայելում հանրության շրջանում և ավելորդ եմ համարում իշխանությունից հեռու կանգնած մարդկանց մուտքն այնտեղ»:

Լարիսա Ալավերդյանը նշել է նաև, որ «Ժառանգությունը» մեծամասնականի իր ցուցակները կներկայացնի մարտի 18-ից ոչ շուտ: