26 փետրվարի 2004 - 17:50 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Մոսկվայում բացվում է Երեւանի պաշտոնական ներկայացուցչությունը: Բացման արարողությանը մասնակցելու նպատակով այսօր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով ՌԴ մայրաքաղաք է մեկնել հայկական պատվիրակությունը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, փետրվարի 26-28-ը շարունակվող այցի ընթացքում կքննարկվի երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Պլանավորված է նաեւ Ե.Զախարյանի եւ Յու.Լուժկովի հանդիպումը: Այնուհետեւ նրանք ներկա կլինեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշակոթողի հիմնարկեքի արարողությանը: Փետրվարի 27-ին Երեւանի քաղաքապետը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական գործարար համաժողովին եւ հայկական ապրանքների ցուցահանդեսին: Նա կայցելի նաեւ ՌԴ մայրաքաղաքում կառուցվող մի շարք օբյեկտներ, այդ թվում` շինհրապարակը, որտեղ հայկական նոր եկեղեցի է կառուցվում: