
Իրանը շուտով հումանիտար բեռների առաջին չափաբաժինը կուղարկի Սիրիա այդ երկրում բռնությունից տուժած մարդկանց համար, հաղորդում է Press TV-ն:
Կարմիր կիսալուսնի սիրիական կազմակերպությունը հաղորդել է, որ դեղամիջոցների առաջին չափաբաժինը առավելագույնս շուտ կուղարկվի Սիրիա:
Բեռը կուղարկվի ի պատասխան Կարմիր կիսալուսնի սիրիական կազմակերպության խնդրանքին:
Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը:
Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: