15 մարտի 2012 - 16:46 AMT
Սպառողների ազգային ասոցացիա . Այս տարի սպառողների շահերի պաշտպանության հարցով դատական գործ չի հարուցվել

Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը, չնայած մի շարք խնդիրների, ունի նաեւ որոշակի ձեռքբերումներ: «Օրինակ, 40 խանութներում անցկացված ստուգումների արդյունքում ժամկետանց ապրանք ունենալու համար տուգանվել է 18 խանութ»,- հայտնեց Արմեն Պողոսյանը:

Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով դատական գործեր շատ հազվադեպ են լինում: Ըստ Սպառողների ազգային ասոցացիայի տվյալների`այս տարի նման խնդրով դատական գործ չի եղել: «Դատական գործի մակարդակի հասցնելու խնդիր չի լինում, քանի որ մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին բարեհամբույր են գտնվում, և շատ արագ խնդիրը լուծվում է»,- նշեցին Սպառողների ազգային ասոցացիայում:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի իրավաբան Մարիա Աբրահամյանն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց 15 տարվա աշխատանքի ընթացքում խնդրի լուծումը դատարան չի հասել. «Հարցը միշտ լուծվել է մասնավոր ընկերությանը կամ լիազոր մարմիններին դիմելով` փուլ առ փուլ»: