19 մարտի 2012 - 10:41 AMT
Մարկոս Պիզելլի. Դեբյուտը «Կուբանի» կազմում հոյակապ ստացվեց, այդ մասին կարելի էր միայն երազել

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում «Կուբանի» կազմում դեբյուտային գոլից հետո Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ասել է, որ իր դեբյուտը հոյակապ է ստացվել. «Այդ մասին կարելի էր միայն երազել: Թիմը հաղթեց, իսկ ես գոլ իրացրեցի»:

«Կուբանը» 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուբինի» հանդեպ և 54 միավորով 8-րդ տեղում է: Պիզելլին ասել է, որ իրենք հանգամանորեն պատրաստվել էին այդ հանդիպմանը: «Ամբողջ շաբաթվա ընթացքում վերլուծում էինք մրցակցի խաղը, ուսումնասիրում նրա ուժեղ և թույլ կողմերը: Իսկ ինքնին խաղի ժամանակ լիովին տրվել էինք խաղին: Նախապատրաստությունն ու ինքնանվիրումը մեր հաջողության գլխավոր գործոններն էին»,- ասել է ֆուտբոլիստը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա խոստովանել է նաև, որ այդ հանդիպմանը երկրպագուներն ուղղակի հոյակապ էին. «Ես դա ամենայն անկեղծությամբ եմ ասում: Ես երջանիկ եմ խաղալ նման աջակցությամբ»: