Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Էրատո Կոզակու-Մարկուլիսը քննարկել են լիբանանա-կիպրոսյան հարաբերությունների ներկա մակարդակը և դրանց ընդլայնման հնարավորությունները:
Կաթողիկոսը, հիշելով հույների և հայերի վաղեմի բարեկամության մասին, նշել է դրա պահպանման և երկու ժողովուրդների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը: Կաթողիկոսը կրկնել է, որ «Կիպրոսի բռնազավթումը և կրոնական ու մշակութային հուշարձանների բռնագրավումը Կիպրոսի և հայ ժողովրդի դեմ ցեղասպանության նոր ձև է»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի զարգացման մեջ հայ համայնքի դերի համար և նշել հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ժողովուրդները պետք է միասին հակազդեն Թուրքիայի քաղաքականությանը ցեղասպանությունների ժխտման վերաբերյալ և շարունակեն պայքարն արդարության և մարդու իրավունքների համար: Նախարարը նաև հաղորդել է, որ ապրիլի սկզբին պլանավորում է այցելել Հայաստան: Մեկնելուց առաջ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: