19 մարտի 2012 - 19:54 AMT
Հայաստանի նախագահը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի գործունեության արդյունավետության բարձրացման շուրջ քննարկմանը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:

Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:

Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը: