19 մարտի 2012 - 21:15 AMT
Սլավոնական համալսարանը կդառնա Հայաստանի առաջին բուհը, որը կկիրառի ուսանողական ավտոբուսների պրակտիկան

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը կդառնա առաջին բուհը Հայաստանում, որը կկիրառի ուսանողական ավտոբուսների պրակտիկան: Տրանսպորտի խնդրի լուծմանման առաջարկով հանդես է եկել ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը: Հատուկ ավտոբուսները ուսանողներին իրենց բնակության վայրից կտեղափոխեն համալսարան:

Նախագծի իրականացմամբ կզբաղվի համալսարանի Ուսանողական խորհուրդը: «Մենք արդեն սկսել ենք տեղեկացնել ուսանողներին, հավաքել տվյալներ, որպեսզի որոշենք, թե քանի ավտոբուս է անհրաժեշտ, ինչպիսի երթուղիներով են դրանք շարժվելու և ինչպես են ուսանողները վճարելու իրենց տեղափոխման համար»,- հայտնել է Ուսխորհրդի նախագահ Արման Սաֆարյանը: Ամեն դեպքում վճարը չի գերազանցի ստանդարտ 100 դրամը: Առաջին ուսանողական ավտոբուսը ՌՀՀ շենքին կմոտենա հավանաբար ապրիլի սկզբին: