22 մարտի 2012 - 10:25 AMT
Շախմատի ԵԱ երկրորդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը 2-ական միավոր ունեն

Պլովդիվում, որտեղ ընթանում է տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, կայացան երկրորդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, ով առավելության է հասել Էլիոն Նակարայի (Իսրայել) հանդեպ, Հրանտ Մելքումյանը` հաղթելով Դավիթ Բենիձեին (Վրաստան), Գաբրիել Սարգսյանը` հաղթելով Անդրեաս Հագենին (Դանիա), Տիգրան Պետրոսյանը` պարտության մատնելով Վեսելին Պանտևին (Բուլղարիա): Հաղթանակներից հետո Մելքումյանն ու Հովհաննիսյանը 2-ական միավոր են վաստակել և զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ և 23-րդ տեղերը:

Սամվել Տեր-Սահակյանը կիսել է միավորները Վիկտոր Լազնիչկայի (Չեխիա) հետ, Սերգեյ Մովսիսյանը` Սիպեկ Էմստի (Ֆրանսիա), Զավեն Անդրիասյանը` Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա), իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վլադիմիր Հակոբյանի հետ:

Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Պողոսյանը պարտություն են կրել համապատասխաբար Իլյա Խմելինքերից (Իսրայել) և Անդրեաս Դիերմայրից (Ավստրիա):