22 մարտի 2012 - 14:53 AMT
Այսօր Երևանում կներկայացվի ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հատուկ համարը

Մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում գրականության սիրահարների դատին է հանձնվելու ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հոբելյանական հատուկ համարը: Այն իրականացվելու է Հայաստանում ուկրաինական մշակույթի օրերի շրջանակում: Մամլո ասուլիսի ժամանակ ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի Միկիտենկոն նշեց. «Ուրախ եմ, որ այս համարի շնորհանդեսը համընկել է այս օրերի հետ: Մենք աշխատում ենք 83 լեզուների թարգմանությամբ և գրում ենք շուրջ 100 երկրի գրականության մասին: Այդ 100-ի մեջ ընդգրկվեց նաև Հայաստանը»:

Հատուկ համարում ներառված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին: Ամսագրի առաջին էջում են նաև Հայաստանի և Ուկրաինայի նախագահների ողջույնի խոսքերը:

2012 թ-ին լույս է տեսել նաև Միխայիլ Կոցյուբինսկու «Մոռացված նախնիների ստվերները» վիպակը, որի մեջ ընդգրկված են Սերգեյ Փարաջանովի համանուն ֆիլմից լուսանկարներ:

Հայաստանում ուկրաինական մշակույթի օրերը շարունակվելու են մինչև մարտի 28-ը: Սպասվում են համերգներ, ցուցահանդես, շնորհանդեսներ: Օրերը տեղի են ունենալու նաև Սպիտակում և Գյումրիում: