Եվրամիությունը մտադիր է մարտի 23-ին խստացնել Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցները: Այդ մասին հինգշաբթի օրը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն: «Վաղը մենք նոր պատժամիջոցներ կկիրառենք ոչ միայն Ասադի ռեժիմի, այլ նաև նրա մերձավոր շրջապատի դեմ»,- մեջբերում է նախարարի խոսքերը Reuters գործակալությունը:
ԵՄ պետությունների ԱԳՆ ղեկավարները մտադիր են արգելել Դամասկոսի ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրների տարածք, ինչպես նաև սառեցնել ԵՄ-ում նրանց բանկային հաշիվները և այլ ակտիվները: Բացառված չէ, որ պատժամիջոցներ կընդունվեն նաև Ասադի կնոջ վերաբերյալ, ով հայտնի է Եվրոպայում իր շոփինգ-շրջագայություններով: