Հայկական ստարտափը եզակի առցանց հարթակ է մշակել տեսանյութերի ստեղծման համար

Հայկական ստարտափը եզակի առցանց հարթակ է մշակել տեսանյութերի ստեղծման համար

Ստարտափի համար գլխավորը սեփական գաղափարը ճիշտ և առավելապես մատչելի ձևով մատուցելն է

Սուր մրցակցությունն ու նոր մշակումների մեծ քանակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում անխուսափելիորեն նեղացնում են օրիգինալ գաղափարների հնարավոր շրջանակը: Դա ստիպում է հեղինակներին մշտապես հետազոտել շուկայի տարբեր հատվածները հայտնաբերելու համար «անմշակ» ոլորտներ կամ ծառայություններ, որտեղ առաջարկվող մակարդակը դեռ հեռու է իդեալականից: Հայկական ստարտափ ընկերությունն ուսումնասիրել է շուկայի այն հատվածը, որն առցանց ծառայություններ է առաջարկում սեփական տեսաբովանդակությունը ստեղծելու համար: Պարզվել է, որ բարձորակ վիդեոյի և լայնէկրան մոնիտորների դարաշրջանում ոչ մի հարթակ համապատասխան ծառայություններ ու բազմազանություն չի առաջարկում:

PanARMENIAN.Net - Իմանալու համար, թե ինչով է Render Forest-ը տարբերվում տեսանյութերի մյուս ինտերնետ խմբագիրներից, PanARMENIAN.Net ը զրուցել է ստարտափի ղեկավար Նարեկ Սաֆարյանի հետ:

Յուրաքանչյուր ժամանակակից օգտատեր երբևէ ստեղծել է սլայդշոու: Համացանցում կարելի է բազում հարթակներ գտնել, որոնք նման ծառայություն են առաջարկում: Սակայն դրանց օգնությամբ հիմնականում կարելի է միայն ցածր թողունակության տեսաբովանդակություն ստեղծել, և բացակայում է գործիքների անհրաժեշտ բազմազանությունը: Գրեթե բոլոր հարթակներում որպես հիմք է վերցվում Microsoft PowerPoint ծրագիրը կամ նման գրաֆիկական խմագիր: Դրանք աշխատում են պարզ անիմացիաների հետ, գրավիչ չեն, իսկ որակի չափանիշները հեռու են հեռարձակման որակի չափանիշներից: Կորպորատիվ օգտատերը ստիպված է լինում տեսանյութը պատվիրել ստուդիայում առնվազն $500-$1000 արժեքով, կամ ինքնուրույն զբաղվել անիմացիոն ծրագրերի ուսումնասիրությամբ, շաբլոններ (կաղապարներ) ներբեռնել, սեփական ռեսուրսներն օգտագործել:

Render Forest-ի թիմը փորձել է համատեղել այն ամենն, ինչ անհրաժեշտ է մի հարթակում: Մի ամբողջ տարի ծրագրավորողները մշակել են նախատիպը, իսկ պատրաստի պրոդուկտը լիարժեք կայքի տեսքով գործարկվել է 2015-ի սկզբին: Ընդամենը 8 ամսում ստարտափը վաճառքների, գրանցված օգտատերերի ու թրաֆիկի 4000% աճ է գրանցել:

Render Forest-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս օգտատերերին ինքնուրույն բարձր թողունակության տեսանյութ ստեղծել: Կայքի գործարկումից ի վեր ստեղծվել է տեսաբովանդակության մոտ 50-60 հազար միավոր: Դա հիմնականում շնորհանդեսներ են, անիմացիոն, գովազդային հոլովակներ, ներկայացուցչական տեսանյութեր ընկերությունների համար, գովազդային հոլովակներ բջջային հավելվածների, ինչպես նաև ոչ կորպորատիվ հաճախորդների համար`սլայդշոու, ընտանեկան և հարսանեկան տեսագրություններ և այլն: Ըստ էության, կայքում կարելի է ամենատարբեր ուղղվածության բարձրորակ տեսանյութեր ստեղծել , ինչն անհնար է առցանց իրականացնել որևէ այլ ռեսուրսում»,-պարզաբանել է ընկերության հիմնադիրը:

Կայքում արդեն ավելի քան 100 շաբլոն է առաջարկվում ամենատարբեր գովազդային հոլովակների ու բջջային հավելվածների համար: Ընտրելով որոշակի շաբլոն` օգտատերը կարող է խմբագրել այն, ներբեռնել լուսանկարները, երաժշտությունը, խոսակցությունը, տեքստերը, ընտրել գունապնակը` օրինակ, եթե ընկերությունը սեփական բրենդինգն ունի, կարելի է վերջնական տեսանյութում օգտագործել այդ բրենդի բոլոր գույները:

Ինչպես նշել է Սաֆարյանն, այս պահին հարթակը չի առաջարկում տեսանյութի ներբեռնում, սակայն, մեկ ամսից նման հնարավորություն կտրվի:

«Հարթակի ծառայություններն անվճար են և այդպիսին կմնան այն դեպքում, եթե օգտատերը գերադասի դիտել իր ստեղծած տեսանյութը Render Forest կայքում: Ծառայությունը վճարովի է դառնում այն դեպքում, եթե օգտատերը ցանկանում է բովանդակությունը տեղադրել այլ կայքերում: Ընկերութունը 2 տիպի վճարովի ծառայություններ է առաջարկում` բաժանորդային վճար և վճարը մեկ տեսանյութի դիմաց: Բաժանորդագրական վճարն օգտագործվում է հիմնականում կորպորատիվ հաճախորդների կողմից` խանութների, ռեստորանների և այլն: Ըստ էության, բաժանորդագրային ծառայությունները հարմար են այն օգտատերերին, որոնք մշտապես նոր տեսաբովանդակություն են ստեղծում»,-պատմել է մեր զրուցակիցը: .

Այժմ հարթակը գոյություն ունի միայն դեսքթոփային տարբերակով, սակայն 2 ամսից կհայտնվեն բջջային հավելվածները iOS-ի և Android-ի համար, ինչը թույլ կտա զգալիորեն առաջ շարժվել: Հարթակի ծառայություններից օգտվում են օգտատերեր մոտ 140 երկրից: Նրանց մոտ 35 տոկոսն ԱՄՆ-ից է, հետո ըստ քանակի հաջորդում են Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Արևմտյան Եվրոպայի երկրները:

«Լինելով ստարտափ, այնուամենայնիվ Render Forest-ը փորձում է օգնել սկսնակ հայկական ընկերություններին, որոնք ցանկանում են սեփական տեսաշնորհանդեսը ստեղծել, սակայն միջոցներ չունեն դրա համար: Մենք անվճար հատուկ կուպոններ ենք տրամադրում նրանց, որպեսզի սկզբնական շրջանում նրանք հնարավորություն ունենան անվճար տեսանյութ ստեղծել կամ անիմացիոն շնորհանդես: Ստարտափի համար գլխավորը սեփական գաղափարը ճիշտ և առավելապես մատչելի ձևով մատուցելն է: Եթե օգտատերը չհասկանա, թե ինչ են իրեն առաջարկում, ուղղակի անուշադրության կմատնի: Իսկ տեսանյութը այդ նպատակի համար ամենաարդյունավետ միջոցն է»,-հավելել է Սաֆարյանը:

Render Forest-ը բազում նոր գաղափարներ ունի, որոնք աստիճանաբար կյանքի կկոչվեն: Այսօր թիմում 12 անդամ կա, որից 6-ը` Երևանում են տեղակայված, մյուսները` Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում: Գյումրիի գրասենյակը ֆինանսավորում ստացավ մեկ տարով` ներկայացնելով ծրագիրը նորարարությունների զարգացման դրամաշնորհային մրցույթում: Դրա շնորհիվ կարողացավ արագացնել աճի տեմպերն, ավելացնել շաբլոնների համար անիմատորների քանակը` օգտատերերին լայն ընտրություն տրամադրելու և այն, ինչ հարկավոր է, գտնելու հնարավորություն տալու համար:

«Մենք կարողացանք նաև ավելի մեծ թվով ծրագրավորողների ներգրավել բջջային հավելվածների մշակման համար: Այդ ամենը թույլ կտա մեզ ոչ միայն պահպանել առկա կադրերը մեկ տարի անց, այլ նաև շարունակել ընդլայնվել»,-ասել է Render Forest-ի հիմանդիրը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---