Ակումբային բիզնեսը՝ ծխելու սահմանափակման մասին

Ակումբային բիզնեսը՝ ծխելու սահմանափակման մասին

Չենք տուժի, եթե արտոնյալներ չլինեն

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։

PanARMENIAN.Net - Օրինագիծը հասարակական բուռն քննարկումների պատճառ դարձավ. ոմանք կողմ են դրան, մյուսները կարծում են, որ այն ոտնահարում է ծխողների իրավունքները, ոմանք էլ կարծում են, որ օրինագիծը լավն է, սակայն տուգանքներն անհամաչափ բարձր են: Ասում են նաև, որ այն ժամանցի վայրերում, որտեղ մարդիկ գնում են լիցքաթափվելու, երաժշտություն լսելու, պարելու և ոգելից խմիչք օգտագործելու, չծխելն ուղղակի անհնար կլինի:

PanARMENIAN.Net –ը զրուցել է փաբերի, բարերի և ակումբների սեփականատերերի հետ՝ պարզելու՝ ինչպես են վերաբերվում այս օրինագծին, և արդյոք կարծում են, որ այն բացասաբար կանդրադառնա ակումբային կյանքի վրա:

Գոռ Թադևոսյան՝ «Թոմ Քոլինզ» փաբի և «Էպիկուր» գաստրոփաբի սեփականատեր

Ինքս ծխող եմ, բայց կողմ եմ այս օրենքին, հուսով եմ՝ այն ինձ էլ կօգնի թողնել ծխելը: Ինչ վերաբերում է ժամանցին, կարծում եմ, որ բացասական հետևանքներ չեն լինի, եթե օրենքը համատարած լինի, հավասարաչափ տարածվի բոլոր ժամանցի վայրերի վրա և չլինեն արտոնյալներ: Առաջին մի քանի ամիսը դժվար կլինի, օրենքը դանդաղ մուտք կգործի, մեր գործն էլ է բարդ լինելու, բոլորը շարունակելու են փորձել ծխել, մինչև չտուգանվեն: Բայց երբ օրենքը տարածվի, մարդիկ կսովորեն, որ այն բոլոր վայրերում, որտեղ առաջ ծխելով էին հանգստանում, այժմ նույնն անելու են առանց ծխելու: Կարծում եմ՝ հաճախորդների պակաս էլ չենք ունենա, միգուցե որոշ ծխողներ սկսեն ավելի քիչ տեղեր գնալ, բայց նրանց փոխարեն կգան չծխող մարդիկ, որոնք բողոքում են փաբերում եղած ծխից ու չեն սիրում ծխախոտի հոտը: Միակ խնդիրը կարող է լինել այն, որ փաբում հանգստացող ծխող մարդիկ ստիպված են լինելու դրսում ծխել, իսկ գիշերը ոչ սթափ վիճակում կարող են աղմուկ բարձրացնել, որը կխանգարի մոտակայքում բնակվող մարդկանց:

Շանթ Գոչեան՝ «Պապարացի» ակումբի ու սրճարանի և The Basement դիջեյ բարի սեփականատեր

Վստահ չեմ, որ այս օրենքով ծխելու խնդիրն արմատապես կլուծվի, չեմ կարծում, որ մարդիկ կթողնեն ծխելն այս օրենքի հետևանքով: Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես են հասցնելու վերահսկել այս ամենը, ինչ քայլեր են ձեռնարկելու: Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ ծխախոտը թանկացնել, օրինակ, 500 դրամից դարձնել տուփի գինը 2000-3000 դրամ. այդ գումարը ոչ բոլորի գրպանին է հարմար: Այդպես խնդիրն ավելի ճիշտ կլուծվեր, քան մարդկանց 250-300 հազար տուգանելով: Ամբողջ աշխարհում հենց ծխախոտի արժեքի բարձրացմամբ են պայքարում ծխելու դեմ: Մեր գործին էլ դա այնքանով կվնասի, որ ծխախոտն ակումբային կյանքի անբաժան մասն է, չեմ կարծում, որ մարդիկ ավելի քիչ կսկսեն ակումբներ հաճախել, բայց նրանց համար ավելորդ անհարմարություն է ստեղծվելու:

Գևորգ Պողոսյան՝ Hemingway’s փաբի սեփականատեր

Ինձ՝ որպես ծխող մարդու, այս օրենքը դուր է գալիս: Ռուսաստանում էլ եղավ նույն պատմությունը. երբ նման օրենք ընդունվեց, բոլորը բողոքում էին, դեմ էին, բայց մի կես տարի անց սովորեցին, և նույնիսկ ավելին՝ ուրախ էին, որ նման օրենք կա: Գիշերային կյանքի և մեր բիզնեսի տեսանկյունից, իհարկե, կլինեն բավականին մեծ խնդիրներ: Եվ խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ մարդիկ չեն կարողանա այլևս միաժամանակ խմել և ծխել, դա ժամանակի հարց է, կսովորեն, այլ այն, որ ոչ սթափ վիճակում ծխելու են փողոցում, կարող են աղմկել, և այդ ժամանակ բոլորս խնդիրներ կունենանք մոտակա շենքերի բնակիչների հետ՝ մեզ են բողոքելու, քաղաքապետարանին են դիմելու և այլն:

Էդուարդ Աղաջանյան՝ Before Room դիջեյ բարի սեփականատեր

Այս օրենքին ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում: Ինքս ծխող եմ, բայց կարծում եմ՝ չծխող մարդկանց իրավունքները ոտնահարվում են, երբ հասարակական վայրերում մասսայական կերպով ծխում են: Ակումբային բիզնեսի վրա, կարծում եմ, օրենքը չի ազդի, եթե գործի բոլորի համար առանց բացառության: Քաղաքակիրթ երկրներում և շատ ավելի ակտիվ գիշերային կյանքով քաղաքներում նման օրենքներ արդեն երկար տարիներ գործում են, և փորձը ցույց է տալիս, որ ծխողները հարմարվում են այս իրավիճակին ու ծխելու ցանկության դեպքում դուրս են գալիս ակումբներից, սրճարաններից, դիմացը ծխում, ինչը նաև նպաստում է սոցիալականացմանը: Այլ հարց է, որ օրենքը, իմ կարծիքով, հեշտ չի ընդունվի Հայաստանում, քանի որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան: Ենթադրում եմ, որ շատ հաստատություններում «ընկերական» տարբերակով կթույլատրվի ծխել: Եթե օրենքը հետևողականորեն կիրառվի, վստահ եմ, մեզ մոտ էլ որոշ ժամանակ անց այն կդառնա կայացած մշակույթ:

Ընթերցեք նաև. Երբ սիրտդ անքուն գիշեր է ուզում. Որտեղ «տժժալ» Երևանում գիշերվա 2-ից հետո

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---