// IP Marketing video - START// IP Marketing video - END
Երբ սիրտդ անքուն գիշեր է ուզում

Երբ սիրտդ անքուն գիշեր է ուզում

Որտեղ «տժժալ» Երևանում գիշերվա 2-ից հետո

Երևանն իրավամբ կարելի է հանգիստ քաղաք համարել, երբեմն նույնիսկ չափից ավելի հանգիստ: Երիտասարդները երբեմն բողոքում են, որ բացակայում է ակտիվ գիշերային կյանքը, քանի որ ժամանցային հաստատությունների մեծ մասը փակվում է կեսգիշերին, որոշ դեպքերում՝ 02:00-ին: Եվ այն մարդիկ, որոնք «պահանջում են, որ բանկետը շարունակվի», ուղղակի դա անելու տեղ չունեն:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առանձնացրել է մի քանի փաբ ու բար, որտեղ կարելի է ուրախ անցկացնել գիշերային ժամանցը և տուն չգնալ 2-ից հետո:

Երևանի ամենահայտնի փաբերից է Hemingway’s-ը: Հայտնի ամերիկացի գրողի պատվին անվանակոչված, Երևանի կենտրոնում, Կասկադում (Թամանյան 1) գործող փաբը գրավում է առաջին հերթին նրանով, որ ամեն օր է աշխատում, և ինչն ավելի կարևոր է՝ մինչև լուսաբաց: Աչքի է ընկնում լավ երաժշտությամբ, որն ապահովում են ճաշակով բարմենները: Բարմենների փոփոխությամբ պայմանավորված՝ փաբում կարելի է գերազանց տեխնո լսել կամ օլդսքուլային ռեփ:

Ամռանը փաբի առջև նաև բաց սրճարան է գործում, որն աշխատում է մինչև կեսգիշեր, որից հետո այցելուներին առաջարկում են ներքև իջնել: Բոլորի կողմից սիրված հին ու բարի «Հեմի» առանձնահատկությունը ոչ միայն մինչև լույս խմելու հնարավորությունն է, այլ նաև մի բան ուտելու՝ փաբը բավականին լուրջ ճաշացանկ ունի բազմապիսի ուտեստներով, իսկ խոհանոցն աշխատում է մինչև առավոտվա 4-ը: Դա հատկապես ուրախալի է, եթե վաղ նախաճաշ եք պլանավորել: Երբեմն փաբում կարելի է նաև հայտնի հայ դիջեյների լսել, որոնք բարեկամաբար գալիս են նվագելու հաստատության մշտական այցելուների համար: Սակայն դա հաճախ չի լինում, քանի որ փաբը գտնվում է բնակելի տան նկուղում:

Նույն Կասկադում է գտնվում (Թամանյան 1) ևս մեկ սիրված փաբ-սրճարան՝ Eden-ը, ուր նույնպես կարելի է գիշերվա 2-ից հետո գնալ: Սակայն այնտեղ շատ երկար մնալ չի հաջողվի՝ միայն մինչև 03:00-ը: Ամռան ամիսներին այս փաբի առջև նույնպես բացօթյա սրճարան է գործում, որտեղ սովորաբար ազատ տեղ չի լինում: Փաբը մի քանի տարի առաջ սիրիահայերն են բացել, աշխատակիցներն էլ հիմնականում հայրենադարձներ են, ինչը շատ գրավիչ է անգլալեզու զբոսաշրջիկների համար, քանի որ լեզվի խնդիր չի առաջանում: Փաբն իր խոհանոցն ունի, որը փակվում է 23:00-ին: Փաբի առավելություններից է նաև նկուղային հարկի առկայությունը. առաջին հարկը լուսավորված է և այնտեղ կարելի է ժամանցը վայելել սրճարանում, իսկ ներքևի հարկն ավելի քիչ է լուսավորված, երաժշտությունն ավելի բարձր է, մթնոլորտն էլ՝ ավելի ակտիվ:

Փաբերով ու բարերով ամենահարուստ երևանյան Պուշկին փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում է գտնվում Liberty փաբը: Այստեղ գիշերային ժամանցի սիրահարները կարող են մնալ մինչև 04:00-ն: Փաբն առաջարկում է խմիչքի լայն տեսականի բավականին մատչելի գներով: Այստեղ կարելի է ամենատարբեր ժանրերի երաժշտություն լսլել, իսկ երբեմն միջոցառումներ են կազմակերպվում դիջեյների և բենդերի մասնակցությամբ: Փաբը մեծ չէ, ոչ այնքան տարողունակ, բայց այստեղ կարելի է տարբեր դասի մարդկանց տեսնել՝ գրասենյակային աշխատողներից մինչև հիփսթերներ: Liberty-ն աշխատում է ամեն օր, բացի ապրիլի 24-ից:

Եվս մեկ հետաքրքիր վայր է Աբովյան 3 հասցեում գործող The Basement դիջեյ բարը: Բարն առանձին շենքի նկուղային հարկում է, այդ շենքում են գտնվում նաև Paparazzi ակումբն ու սրճարանը: The Basement-ը բաց է ամեն օր մինչև առավոտյան 03:00-04:00-ը, կախված այցելուների քանակից: Շաբաթվա տարբեր օրերին բարում երեկույթներ են կազմակերպվում տեղացի և արտասահմանցի դիջեյների մասնակցությամբ: Բարի առավելություններից մեկն այն է, որ այն բնակելի շենքում չէ գործում, ինչը հնարավորություն է տալիս բարձր լսել որակյալ երաժշտությունը:

Մինչև ուշ ժամն աշխատող հաստատությունների թվում հարկ է նշել նաև Before Room դիջեյ բարը, որը գործում է Տերյան 105/1 հասցեում: Բարի միակ թերությունն այն է, որ այն ուրախացնում է իր հաճախորդներին հիմնականում միայն ուրբաթ և շաբաթ օրերին: Սակայն, չմեղանչելով ճշմարտության դեմ, պետք է ասել, որ դա միանգամայն բավարար է, քանի որ բարում բարձրակարգ միջոցառումներ են անցկացվում լավագույն հայ դիջեյների և արտերկրից ժամանակ սաունդ արտիստների մասնակցությամբ: Մելոմանների համար նախատեսված Before Room-ն այդպիսի միջոցառումների օրերին աշխատում է մինչև ատավոտյան 04:00-05:00-ը: Այս բարը նույնպես բնակելի տան նկուղում չէ գտնվում, ուստի կարելի է աղմկել, որքան ուզես:

Հատուկ միջոցառումների օրերին գիշերվա 02:00-ից հետո աշխաում է նաև Սայթ-Նովա 6 հասցեում գործող Green Dragon Distillery բարը: Այլ օրերին հաստատությունը բաց է մինչև կեսգիշեր: Բարի անվանումը պատահական չէ ընտրված, դա իրոք «խմիչք քաշելու» տեղ է, Հայաստանում բացված առաջին արհեստավարժ թորանոցը, որտեղ այցելուները կարող են անձամբ մասնակցել համեղ ու մաքուր թորվածքների, մրգային օղիների և թուրմերի պատրաստմանը նույնիսկ սեփական բաղադրատոմսով: Բարը վերջին շրջանում ակտիվացրել է աշխատանքը՝ աղմկալի երեկույթներ կազմակերպելով տեղացի և հրավիրված դիջեյների մասնակցությամբ: Green Dragon Distillery-ն բնակելի շենքում է գտնվում, հայտնի «Էնոտեկա» գինետան տակ, ինչն էլ հնարավորություն է տալիս աղմկել գիշերը՝ չանհանգստացնելով շենքի բնակիչներին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև
«Խորհրդային շունչը» պահպանած երևանյան սրճարանները
Հայաստանի թունավոր օձերը
 Ուշադրության կենտրոնում
«Մասոնները, միասեռականները, տուտուզիկներն ու հայ սուրբ օջախը». Ընտանեկան բռնության մասին միֆերն ու իրականությունը

«Մասոնները, միասեռականները, տուտուզիկներն ու հայ սուրբ օջախը». Ընտանեկան բռնության մասին միֆերն ու իրականությունը Շատ հայ ընտանիքների համար կնոջը բռնության ենթարկելը սովորական բան է, նորաթուխ հարսին կարող է ճնշել ամուսինը, սկեսուրը, սկեսրայրը, նրանց ծնողները

 Բաժնի այլ նյութերը
Գինի լից Հայաստանում վերականգնվում է կարասներում հնեցման 6000-ամյա ավանդույթը
«Երբ ուսանողը դիմում է աշխատանքային փորձ պահանջող գործատուին, փակ շղթա է ստացվում» Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով
«Ցանկացած օգտատեր պետք է իմանա տեղեկատվական անվտանգության նվազագույն սկզբունքները» Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով