Փոխնախարար. «Եկամտահարկի մասին» նոր օրենքն արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդի

Փոխնախարար. «Եկամտահարկի մասին» նոր օրենքն արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդի

PanARMENIAN.Net - «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդելու: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ դրա համար իրավասու են շինարարական ընկերությունները, որոնց համար էլ Կառավարությունը ՀՀ-ում գրանցվելու խթանիչ կողմեր է մշակել։

Փոխնախարարը նշել է, թե ՀՀ քաղաքացիների մի մասը կամա, թե ակամա աշխատում է արտերկրում ու նրանք, ովքեր գնում են ինչ-որ անհատների համար աշխատանք են կատարում ու հետ գալիս, նրանց որևէ կերպ օրենքը չի վերաբերվում:

«Քաղաքացիները, որոնք գրանցվում են օտարերկրյա կազմակերպությունում, տվյալ կազմակերպությունները շահութահարկ են վճարում և պահում են նաև եկամտահարկ, հիմա խոսքը նրա մասին է, որ ոչ թե արտագնա աշխատողներին հարկել, այլ ստեղծել հնարավորություն, խթանող հանգամանք, որպեսզի դրսի կազմակերպությունների սեփականատերերը շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել ՀՀ-ում: Մենք պետք է խթանենք, որպեսզի դրսի կազմակերպությունները գան գրանցվեն Հայաստանում»,- ասել է նա և նշել, թե որպեսզի գրանցվեն ՀՀ-ում, շահութահարկը սահմանում են 5%, իսկ եկամտահարկի դրույքաչափը՝ նվազեցնում, մեջբերում է Tert.am-ը:

Ազգային ժողովում մայիսի 6-ին քվեարկության է դրվել «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ձայների 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ հարաբերակցությամբ:

«Դրանով նրանք շահագրգռված կլինեն իրենց վարձու աշխատողներին ձևակերպել ՀՀ-ում: Եվ այն հարկերը, որոնք շահութահարկի և եկամտահարկի տեսքով կամա, թե ակամա վճարում են դրսում, վճարեն ՀՀ-ում»,- ասել է նա:

Իսկ թե նման օրենքի համար կարիք չկա համաձայնեցնել Ռուսաստանի հետ, որը պետք է թույլ տա, որ մարդիկ աշխատեն իր երկրում, բայց հարկերը վճարեն այլ երկրում, փոխնախարարը պատասխանել է՝ դրա կարիքը չկա և յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում.

«ՀՀ-ն որևէ սահմանափակում չունի շահութահարկի կամ եկամտահարկի ցանկացած դրույքաչափ սահմանելու հարցում: Դա ՀՀ որոշումն է, ԵՏՄ անդամակցության պայմանագրով դրույքաչափերի ներդաշնակեցման կամ չփոփոխելու որևէ պարտավորություն մենք չունենք և որևէ բանի չի հակասում»:

Հարցին, թե ստացվում է, որ այլ երկրի բյուջեի գումարը պետք է ուղղվի ՀՀ բյուջե, փոխնախարարը պատասխանել է, թե ՀՀ կառավարությունը որևէ երկրի բյուջեի միջոցներ չի բերում. «Մեր խնդիրն է մեր երկում ստեղծել այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի ՀՀ-ում աշխատել, թե որ երկրի գումարները կգան ՀՀ բյուջե, դա արդեն հարցի երկրորդ կողմն է»:

Իսկ թե մտավախություն չկա, որ այդ երկրների հարկային մարմինները կարող են գլխի ընկնել ու հետագայում խնդիրներ առաջացնեն, Միրումյանը նկատել է, թե հարցը որևէ մութ կողմ չունի:

Լրագրողների հարցին, թե այսինքն՝ ստացվում է կազմակերպությունը գրանցվում է Հայաստանում, աշխատող է ուղարկում ՌԴ և ՌԴ բյուջե փող չի տալիս, Միրումյանը պատասխանեց. «Ոչ, մենք տալիս ենք խթան, հնարավորություն, կուզենան կօգտվեն, չէ՝ չէ: Կազմակերպությունն իրավաբանական անձի տեսքով է իր գործունեությունն իրականացնում: Կազմակերպություններն ունեն իրար հետ պայմանագիր: ՀՀ կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկրի կազմակերպությանը, ծառայությունները մատուցում է իր կողմից վարձած աշխատողների միջոցով, սրանք հարկային սխեմաներ են, որոնք կիրառվում են: Դա ոչ թե վարձու աշխատանքի կողմից մատուցված եկամուտ է, այլ ձեռնարկատիրական գործունեությունից մատուցված եկամուտ, հարկվում է ռեզիդենտության սկզբունքով»։

Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի հիմնավորման մեջ նշվում է.

««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»:

Կարդացեք նաև՝ «Խոպանչիներին» հարկային դաշտ բերող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---