6 մայիսի 2015 - 14:33 AMT
«Խոպանչիներին» հարկային դաշտ բերող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Ազգային ժողովում մայիսի 6-ին քվեարկության է դրվել «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ձայների 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ հարաբերակցությամբ:

Կառավարությունը «Եկամտային հարկի մասին» օրենքով առաջարկում է 13 տոկոս եկամտային հարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ: Ըստ կառավարության՝ դրա նպատակն է խթանել շինաշխատանքների արտահանումը ՀՀ-ից և ստեղծել մեխանզիմներ, որ արտագնա աշխատանքներ իրակնացնող ՀՀ քաղաքացիները ստանան օրինական ձևակերպում, և նրանց եկամուտներից ստացված հարկերն ուղղորդվեն ՀՀ բյուջե:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է, որ իրենց չի բացատրվել՝ այս օրենքն ինչի համար է:

«Սա, փաստորեն, աշխատուժի տեղաշարժի հարկ է ավելի շուտ, իսկ եթե գրանցվում են որպես այստեղի հարկատու, ապա այն չէ, ինչ Կառավարությունն է ասում: Ամենայն հավանականությամբ մարդիկ 13 տոկոս հարկ պետք է մուծեն թե Հայաստանում, թե Ռուսաստանում, իսկ արդյունքը կլինի այն, որ մարդիկ արդեն լրիվ կգնան՝ ավելի մեծ թափով: Սա հակասում է ԵՏՄ պայմանագրին, սա չի կարող դուր գալ ԵՏՄ այլ երկրներին, սա խուլիգանություն է: Կա ԵՏՄ-ի դատարան, որին նույնիսկ կարելի է դիմել: Ուզում եք ասել, հայ ժողովուրդ, ձեր համար ոչ միայն Եվրոպա չկա, այլ նույնիսկ ԵՏՄ չկա: Առաջարկում եմ չքվեարկել, կփոշմանեք»,- նշել է նա:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասել է, թե կառավարությունն այդպես էլ չներկայացրեց՝ քանի աշխատող է մեկնում արտագնա աշխատանքի ՌԴ, իսկ պետական բյուջեն դրանից ինչ պետք է ստանա:

«Եթե մենք չունենք գնահատական, ապա չենք կարող կողմ քվերարկել: Այս փուլում մենք ձեռնպահ ենք քվեարկելու»,- ասել է պատգամավորը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել է՝ այս օրենքի նախագիծը լրատվամիջոցներում և որոշ անձանց կողմից աղավաղված տեսքով է ներկայացվում.

«Իրականում այս նախագիծը վատը չի, հակառակը՝ լավն է: Կան թերություններ, որոնք պետք է լրացվեն երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Չասենք բաներ, որոնք այս նախագծում չկան և բացասական ազդեցություն են թողնում հանրության մոտ: Կտրուկ մի մերժեք, կարծում եմ, որ դեմ չի կարելի քվեարկել այս նախագծին»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ կառավարության գործելաոճը «աֆյորայի» է նմանվում, քանի որ տնտեսությանը վերաբերող օրենքները բերվում են հապճեպ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում դրանք պատշաճ կերպով ուսումնասիրել: ՀԱԿ պատգամավորը հանդես է եկել կոչով՝ նշելով, որ եթե պատգամավորը արժանապատվություն ունենա, պետք է կողմ չքվեարկի նախագծին, մեջբերում է Panorama.am-ը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավելել է, որ ԱԺ են բերվում նախագծեր, որոնք համոզիչ բացատրություն չունեն, ուստի բնական է խորհրդարանի վերաբերմունքը.

«Խնդիրն այն չի, թե ինչ քաղաքական շեշտադրում ունի սա, խնդիրն այն է, որ այսպես չի կարելի աշխատել: Սա լուրջ նախագիծ է, կապ ունի հասարակության շահերի հետ, բայց բերում եք այսպես՝ հընթացս, ոտքի վրա: Չի կարելի է այսպես: Մենք դեմ ենք քվեարկելու»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատել է, որ նախագիծը հասարակության մեջ բացարձակապես սխալ է ընկալվել: Նրա խոսքերով՝ այստեղ միգուցե նաև խորհրդարանն իր մեղքը ունի, ինչպես կառավարության ներկայացուցիչը, ով չկարողացավ հավուր պատշաճի ներկայացնել, թե իրականում նախագիծը ինչի մասին է.

«Բայց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս գնահատականներ չտալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջնորդվում են իրենց սկզբունքով և արժանապատվության կոչ չանել: Եթե կան քաղաքական ուժեր, որ այլ կերպ են հասկացել նախագիծը, կամ այլ կերպ են ցանկացել հասկանալ, դա չի նշանակում, որ պետք է մոլորեցնել հանրությանը: Նախագիծը բացարձակապես այլ բանի մասին է»,- ասել է նա:

Նախագծերի փաթեթին դեմ է քվեարկել նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը, գրում է Civilnet-ը:

Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի հիմնավորման մեջ նշվում է.

««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»: