30 սեպտեմբերի 2015 - 10:41 AMT
Սարգսյանն Օբամայի հետ համահայկական նշանակության հարցեր է քննարկել, Բան Կի Մունի՝ ԼՂՀ կարգավորումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Ընդունելության ընթացքում նախագահներ Օբաման և Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:

ՀՀ նախագահը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ ելույթ է ունեցել։

Նախագահը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը 23 տարի առաջ դառնալով ՄԱԿ-ի անդամ, առաջին իսկ օրվանից զգացել է կազմակերպության աջակցությունը պետականության կերտման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը Բան Կի Մունին տեղեկացրել է գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարվածության մասին, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի 70-րդ վեհաժողովի նստաշրջանում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության և ծայրահեղականության, Միջին և Մերձավոր Արևելքում աճող լարվածության շուրջ: Բան Կի Մունն ողջունել և շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Հյուսիսային Իրաքից և Սիրիայից փախստականներին երկրում ապաստան տալու քայլերի համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է առաջիկայում Երևանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովը:

Նախագահն իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի եզրափակիչ գագաթնաժողովի հաջող ավարտի կապակցությամբ, որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ունի իր ներդրումը: Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր, համապարփակ ծրագիրը կնպաստի մոլորակի բնակիչների կյանքի որակի բարելավմանը:

Սեպտեմբերի 29-ին նախագահըՆյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և այս փուլում առկա մտահոգությունները, մասնավորապես՝ վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը:

Կարդացեք նաև՝ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում․ Ընտրություն չկա, իրավական և ռազմաքաղաքական քայլերի կդիմենք՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը