Դինքի գործով թուրք 25 պաշտոնյա կարող է դատվել. Նրանց 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում

Դինքի գործով թուրք 25 պաշտոնյա կարող է դատվել. Նրանց 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր ու խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին տեղյակ եղած և այն չկանխած թուրք պետական ծառայողների գործով քննության ընթացքում դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը:

Մեղադրական եզրակացության մեջ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության նախկին պետ Էնգին Դինչի, սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշեթ Ալթայի և այդ ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերի նկատմամբ կանխամտածված սպանությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով 20-25 տարվա ազատազրկում է պահանջվում, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքի, բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում:

Սպանության տարում Ստամբուլի ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահն ու Հետախուզության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ կկանգնեն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։

Մեղադրական եզրակացության մեջ ընդհանուր առմամբ 25 պաշտոնյայի դատելու պահանջ է ներկայացվում։

Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում՝ 2007-ին, Տրապիզոնի հետախուզության բաժնի ղեկավար աշխատած Էնգին Դինչը դեպքից 9 տարի անց առաջին անգամ որպես կասկածյալ ցուցմունք է տվել։

Դինչն իր ցուցմունքում նշել է, թե տեղյակ են եղել, որ Յասին Հայալը Դինքի դեմ գործողություն է նախապատրաստում, և տեղեկանալու հենց նույն օրն էլ տեղեկությունն ուղարկել են Ստամբուլի հետախուզությանը։

Նա նշել է, որ Ստամբուլում պատկան մարմիններին զգուշացրել է՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր տարբերակով:

«Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին կարևոր տեղեկություններ ստացել ենք Թունջելից՝ 2006-ի փետրվարի 15-ին: Փետրվարի 17-ին այդ տեղեկությունը, զեկույցի տեսքով, ուղարկել ենք Անկարա և Ստամբուլ», - ասել է նա։

2015-ի սկզբին Հրանտ Դինքի սպանության գործով ոստիկաններ էին ձերբակալվել: Հենց նրանք էլ ցուցմուքն էին տվել իրենց նախկին ղեկավար Էնգին Դինչի դեմ։ Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղյակ եղած և այն չկանխած թուրք պաշտոնյաների գործի շրջանակում ձերբակալված ոստիկան Մուհիթթին Զենիթը մեղադրել է իր հրամանատարներին՝ իրեն սպանության կազմակերպիչների հետ զրույցի դրդելու համար։ Հունիսին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ոստիկանության հետախուզական մարմինների հետ համատեղ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, թե Դինքի սպանության հետ կապ ունի «Զուգահեռ կառույցը»: «Զուգահեռ կառույց» կոչվածը Թուրքիայում նույնականացվում է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլի ստեղծած շարժման հետ:

Զեկույցի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը վերջերս Դինքի սպանության գործով ձերբակալվել էր: Զեկույցի մեջ մանրամասն ներկայացվում է սպանության նախապատրաստման ընթացքը: Ըստ այդմ` Դինքի սպանությունից 6 տարի առաջ Յըլմազերը հիմնել է «C-5» գաղտնի բյուրո, որը վարել է «զուգահեռ կառույցի» գործերը: Նշվում է, որ այդ խումբը Ergenekon-ի, Balyoz-ի և պետական հեղաշրջմանը միտված նմանատիպ այլ օպերացիաների համար հիմք է նախապատրաստել: «C-5»-ը ծրագրել էր Դինքի սպանությունունից հետո անցնել Ergenekon-ի գործողությունների պատրաստման հաջորդ փուլին, քանի որ բոլորը զբաղված կլինեն նրա սպանությամբ: Յըլմազերը մեղադրվում է « C-5» գաղտնի կառույցը ղեկավարելու մեջ: Նշվում է, որ «Ակոսի» խմբագրապետի սպանությունը հենց այդ կառույցում է ծրագրվել:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

Կարդացեք նաև՝ Դինքի սպանության գործով թուրք նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---