30 հոկտեմբերի 2015 - 15:42 AMT
Ամերիաբանկ. Հեռահար բանկային ծառայությունները լայնորեն կտարածվեն ՀՀ-ում

Ամերիաբանկը հոկտեմբերի 30-ին պանելային քննարկում է կազմակերպել «Հիմնավորվա՞ծ է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» խորագրով:

Բանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը տեղեկացրել է, որ քննարկման հիմնական առարկան հեռակառավարման համակարգերի կիրառումն է բանկերում և ֆինանսական կազմակերպություններում, ինչպես նաև դրանց տարածումը, հեռանկարները, զարգացման միտումները Հայաստանում:

«Համաշխարհային փորձում տեխնոլոգիաները զարգացման հիմնական շարժիչ ուժերից են: Մեր բանկերը նույնպես բացառություն չեն և բանկային տեխնոլոգիաները, մասնովորապես՝ հեռակառավարման համակարգերը, զարգանում են: Դրանցից են ինտերնետային բանկային ծառայությունները, մոբայլ բանքինգը, հեխոսային բանքինգը, ինքնասպասարկման ծառայությունները, ավտոմատ վճարման համակարգերը»,- ասաց Բարսեղյանը՝ նշելով, որ հեռահար բանկային ծառայությունները թույլ են տալիս բարձրացնել բանկային գործառույթների արդյունավետությունը և, համապատասխանաբար, ավելի բարենպաստ դարձնել բանկային սակագները, տոկոսադրույքը, ինչպես նաև թույլ են տալիս հաճախորդին ամբողջությամբ վերահսկել իրավիճակը:

«Հեռահար բանկային համակարգերը թույլ են տալիս ցանկացած պահի ցանկացած տեղում վերահսկել, կառավարել սեփական բանկային հաշիվները, և դա անել ցանկացած տարբերակով, լինի դա հեռախոս, համակարգիչ կամ այլ սարքավորում: Հաճախորդը, օգտվելով այս ծառայություններից, կարիք չունի ամեն գործառույթի համար, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու, գալ բանկ: Ըստ էության՝ այս համակարգերով խաճախորդների սպասարկման որակն է բարելավվում, խնայվում ժամանակը, ինչպես նաև հեռահար համակարգերի ներդրման արդյունքում բանկի ծախսերի կրճատումը ենթադրում է ավելի հարմար սակագներ հաճախորդների համար»,- նշեց նա:

Բարսեղյանի խոսքով, Հայաստանում բանկային համակարգը չի տարբերվում համաշխարհային բանկային համակարգից, աշխարհում տարածված լուծումներից: Ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանում ներդրվել են աշխարհում առկա հեռահար կառավարման գրեթե բոլոր համակարգերը՝ ինտերնետային և բջջային բանկային ծառայություններ, ինքնասպասարկման սարքավորումներ և այլն: Սակայն հարցն այն է, թե ինչքանով են այդ ծառայությունները տարածված և տարածվածության ինչպիսի հեռանկարներ ունեն:

«Ասում ենք, որ դրանց լայնամասշտաբ օգտագործումն այլընտրանք չունի, քանի որ Հայաստանում նոր սերունդը, երիտասարդությունը հետագայում հիմնականում օգտագործելու է հեռահար կառավարման համակարգերը», - ասաց Բարսեղյանը՝ նշելով, որ նման համակարգերի կիրառումը ժամանակի հարց է:

Պատասխանելով հեռահար բանկային ծառայությունների համակարգերում առկա ռիսկերի, հաքերների համար դրանց խոցելիության մասին PanARMENIAN.Net-ի հարցին՝ Ամերիաբանկի տնօրինության անդամը նշեց, որ բանկային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեր հաքերները փորձում են նոր տեխնոլոգիաներ ներթափանցել, սակայն վիճակագրությունից դատելով՝ նմանատիպ խարդախությունների ծավալը Հայաստանում շատ ցածր է, բանկային համակարգերում էլ էական դեպքեր չեն գրանցվել, քանի որ բանկերի գերակշիռ մասը պատշաճ անվտանգության միջոցներ են օգտագործում:

Բարսեղյանը տեղեկացրեց, որ Ամերիաբանկի հաճախորդների 15-20%-ն օգտվում են հերահառ ծառայություններից:

Ամերիաբանկի տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը քննարկման ժամանակ նշել է, որ հեռահար համակարգերի ներդրմամբ բանկերի մասնաճյուղերի ֆունկցիոնալ ուղղվածությունը փոխվելու է. դրանք շարունակելու են գործել, սակայն կտրամադրեն ֆինանսական խորհրդատվություն, իսկհեռահար ծառայություններից օգտվելու համար մասնաճյուղ այցելել այլևս չի պահանջվի:

Ըստ Ամերիաբանկի ամենամյա հետազոտության տվյալների՝ 2013-ին հերահառ բանկային համակարգերից օգտվել է ՀՀ բնակչության 1.3%-ը, 2014-ին՝ 2%-ը: Ընդ որում, 2014-ի դրությամբ Հայաստանում համակարգիչներից օգտվում էր բնակչության 83%-ը, 2012-ին՝ 77%-ը:

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում հեռահառ ծառայություններից օգվելու տարածվածության ցածր մակարդակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Դրանցից մեկն անվտանգության ապահովումն է: Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում նա գիտի 4-5 բանկ, որոնց հեռահար համակարգերը լուրջ խոցելություն ունեն: Ըստ փորձագետի՝ Հայաստանում հաքերային հարձակումներ այս համակարգերում գրեթե չկան, քանի որ դրանցից օգտվողների թիվը քիչ է, ոլորտը դեռևս լուրջ տարածում չունի, իսկ համակարգերի լայն ներդրման և դրանցից օգտվողների աճի դեպքում հարձակումները նույնպես ի հայտ կգան:

Մարտիրոսյանը նաև նշեց, որ հեռահար համակարգերը Հայաստանում պարզեցված չեն օգտագործողների համար, դրանցից օգտվելը դժվար է:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը քննարկման ընթացքում նշեց, որ նման համակարգերի տարածվածությունը Հայաստանում կախված կլինի այդ ծառայությունների որակից, մասնավորապես՝ սպասարկման արագությունից, քանի որ հեռահար համակարգերի հիմնական առավելությունը հենց գործառույթների արագությունն է:

«Ամերիաբանկն» իռլանդական CR2 ընկերության հետ համատեղ ներկայացնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի ներդրման ծրագիրը։ Համակարգն «Ամերիաբանկին» հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ ու մոբայլ համակարգերի միջոցով։

«Ամերիաբանկն» ունի հեռահար ինքնասպասարկման ծառայությունների լայն սպեկտր, և նոր համակարգը հնարավորություն կտա դրանք միավորել մեկ տեղում՝ յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական տեսքով։ Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում։