«Ամերիաբանկը» ներդնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգ

«Ամերիաբանկը» ներդնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգ

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկը» իռլանդական CR2 ընկերության հետ համատեղ ներկայացնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի ներդրման ծրագիրը։ Համակարգն «Ամերիաբանկին» հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ ու մոբայլ համակարգերի միջոցով։

Հոկտեմբերի 5-ին «Ամերիաբանկի» և CR2 ընկերության միջև կնքվեց համակարգի ներդրման մասին պայմանագիրը։ CR2-ի կողմից պայմանագիրը ստորագրեց ընկերության գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ հայկական կողմից՝ «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

CR2-ը հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից մեկն է, որն ունի ավելի քան 100 հաճախորդ աշխարհի մոտ 60 երկրում. դրա հաճախորդների շարքում են այնպիսի խոշոր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Standart Bank-ը, Standart Chartered Bank-ը և այլ հեղինակավոր ֆինանսական հաստատություններ։ CR2-ի բազմաֆունկցիոնալ BankWorld համակարգն առաջարկում է հեռահար սպասարկման բոլոր եղանակները՝ (բանկոմատներ, վճարային տերմինալներ, ինտերնետ և մոբայլբանկային համակարգեր, ինքնասպասարկման տերմինալներ) միավորող մեկ միասնական հարթակ՝ այսպիսով ապահովելով հաճախորդների բոլոր հաշիվների կառավարումը և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ստացումը միասնական անհատականացված սպասարկման կետից։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայում, իսկ ներկայացուցչությունները և գրասենյակները՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և Ասիայում։

«Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ BankWorld համակարգի ներդրումը կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին՝ հեռահար սպասարկման ցանկացած համակարգից։

«Ես ողջունում եմ CR2-ի մուտքը Հայաստան։ «Ամերիաբանկը» բարձր է գնահատում CR2-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների հաստատումը։ Այս նախաձեռնությունն ուղղված է «Ամերիաբանկի» ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման և նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից և ինքնասպասարկման սարքերից օգտվելու համար և կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»,- նշեց Արտակ Հանեսյանը։

«Ամերիաբանկն» ունի հեռահար ինքնասպասարկման ծառայությունների լայն սպեկտր, և նոր համակարգը հնարավորություն կտա դրանք միավորել մեկ տեղում՝ յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական տեսքով։ Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում։

«Ամերիաբանկի» տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով՝ համակարգը թույլ է տալիս բանկային ինքնասպասարկման սարքերի և հեռահար կապուղիների թե ինտերֆեյսը, և թե առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին՝ ապահովելով անհատականացված սպասարկում և առավելագույն հարմարություն։

«Արդյունքում բանկոմատները վերածվում են անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր և իրականացնել մի շարք գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաև բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար»,- ասաց Մովսիսյանը։

Համակարգը թույլ է տալիս նաև կատարելագործել Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի հնարավորությունները թե ֆիզիկական անձ, և թե իրավաբանական անձ հաճախորդների համար՝ ապահովելով գործառնությունների ավելի լայն հնարավորություններ, գործարքների իրականացում ըստ հաճախորդի հարմարության և ժամանակակից ինտերֆեյս ըստ համապատասխան սեգմենտի։

«Հաճախորդը հնարավորություն կստանա անձնական դրամական փոխանցումներ իրականացնել Ինտերնետ և Մոբայլ բանկինգի, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ։ Իսկ ստացված գումարները հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել նույնիսկ առանց վճարային քարտերի օգտագործման»,- հավելեց «Ամերիաբանկի» Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրենը։ Նա նշեց, որ BankWorld համակարգի ներդրումն իրականացվելու է փուլերով, ամբողջովին այն պատրաստ կլինի մեկ տարի անց։

CR2-ի գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը փաստեց, որ սա իրենց ընկերության առաջին նախագիծն է Հայաստանում, ինչի արդյունքում CR2-ն այստեղ իր առաջին գործընկերոջը՝ «Ամերիաբանկին» տրամադրում է հեռահար բանկային սպասարկման նոր եզակի լուծում։

«Այն հաճախորդների համար ապահովում է բանկային գործառնությունների սահուն և դյուրին իրականացում ինքնասպասարկման ցանկացած համակարգի միջոցով։ Մենք կասկած չունենք, որ սա թույլ կտա բանկին էլ ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում։ Այսուհետ «Ամերիաբանկի» հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլև վայելել արագ և հարմարավետ սպասարկման բոլոր առավելությունները։ Մենք անհամբեր սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում «Ամերիաբանկի» կողմից բանկային սպասարկման նորարար լուծումների փաստացի ներդրմանը և ուրախ ենք, որ մենք էլ մեր լուման ենք ունեցել Հայաստանում նորամուծությունների ներդրման գործում»,- ասաց Կիլքուլլենը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---