Արա Գյուլերի մասին վավերագրական ֆիլմը՝ ԱՄՆ Անկախ կինոյի փառատոնի գլխավոր մրցանակակիր

Արա Գյուլերի մասին վավերագրական ֆիլմը՝ ԱՄՆ Անկախ կինոյի փառատոնի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ստամբուլաբնակ հայազգի լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի և գործունեության մասին վավերագրական ֆիլմն արժանացել է ԱՄՆ Անկախ կինոյի փառատոնի գլխավոր մրցանակին Վաշինգտոնում, հայտնում է Anadolu-ն:

Ռեժիսորներ Բինուր Քարաևլիի և Ֆաթիհ Քայմակի ֆիլմը պատմում է Ստամբուլում 87-ամյա Արա Գյուլերի հետահայաց ցուցահանդեսին նախապատրաստվելու մասին:

Վավերագրական ֆիլմը «լավագույններից լավագույնի» կոչում է ստացել բոլոր անվանակարգերի ավելի քան 80 ֆիլմի թվում, որոնք ներկայացվել էին մարտի 13-ին մրցանակաբաշխության ժամանակ:

Գլխավոր մրցանակը մեծ անակնկալ էր ֆիլմի թիմի համար, քանի որ փառատոնում քիչ չէին արժանի գործերը: «Մենք ցանկանում ենք ամբողջ աշխարհին ներկայացնել Արա Գյուլերի անձն ու լուսանկարները: Եվ ցանկանում ենք աշխարհին ցույց տալ մեր Ստամբուլը: Մեր ֆիլմը ոչ միայն Գյուլերի մասին է, այն իրականում Ստամբուլի և Թուրքիայի պատմության մասին է»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր Ումրան Սաֆթերը:

Սաֆթերն ասել է, որ պատրաստվում է հաջորդ նախագծին, որը պատմելու է այն մասին, թե ինչպես են համաշխարհային կրոններն ու ռասաները ապրում նույն աշխարհում: Պրոդյուսերը նշել է, որ Գյուլերն այդպիսի մի հիանալի պատմություն էր նկատի ունենալով նրա թուրքահայ լինելը:

«Ստամգուլի աչքը» ֆիլմը կներկայացվի նաև Հունաստանում` Սալոնիկի Վավերագրակն ֆիլմերի փառատոնում և Լոս Անջելեսի հարավարևելյան եվրոպական կինոփառատոնում:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է:

Ընթերցեք նաև. «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Ստամբուլում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---