«Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Ստամբուլում

«Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Ստամբուլում

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում Գյուլերն ասել է, որ, ընտրելով լրագրությունը, նա իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացրել: «Մարդիկ առարկում են, երբ ես ասում եմ, որ լուսանկաչությունն արվեստ չէ: Նրանք առարկում են նաև, երբ ես ասում եմ, որ արվեստագետ չեմ: Ցանկացած մարդ կարող է վերցնել լուսանկարչական սարքն ու սեղմել կոճակը: Բոլորը լուսանկարում են իրենց հեռախոսներով, դա արժեզրկում է լուսանկարչությունը»,-ասել է Գյուլերը:

Պրեմիերային ներկա է եղել գրող Դողան Խիզլանը, նա կարևորել է վավերագրական ֆիլմերը մարդու կյանքի ու հաջողության գաղտնիքը սերունդների համար բացահայտելու տեսակետից: «Նա նկարել է Ստամբուլը, բայց ինչպե՞ս: Նրա լուսանկարներում պատկերված են աղքատ թաղամասերը, Ստամբուլի ծայրամասային փողոցները, քողարկված բծերը»,-ասել է Խիզլանը` խոսելով Գյուլերի լուսանկարների մասին:

Լրագրող Կոզկուն Արալն ասել է, որ նույնպես վավերագրական ֆիլմ է նկարահանում «վարպետ Գյուլերի» մասին` հավելելով, որ այն պատրաստ կլինի մեկ տարի անց և կներկայացնի բաներ, որոնք անհայտ են շատերի համար:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---