17 մարտի 2016 - 13:48 AMT
Էներգետիկայի նախարար. «Ռոստեխ»-ն առաջարկում է վերագործարկել «Նաիրիտը»

«Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ: Այդ մասին մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

«ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը պոլիմերային կոմպոզիցիոն նյութերի արտադրության առաջատարներից մեկն է Ռուսաստանում:

«Բանակցություններ են ընթանում «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգի հետ, որը մինչև ապրիլի 1-ը կներկայացնի իր առաջարկները «Նաիրիտի» հետագա շահագործման վերաբերյալ»,-ասել է Յոլյանը: Ընդ որում նախարարը նշել է, որ իր կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ փորձագետների մասնակցությամբ, որն ուսումնասիրում է իրավիճակը, քանի որ վերջերս է գրավել նախարարի պաշտոնը և այնքան էլ իրազեկված չէ իրավիճակի բոլոր նրբությունների մասին:

Նախարարը հավաստիացրել է, որ առավելագույնը կարվի, որպեսզի ձեռնարկությունն աշխատի, սակայն դա պետք է շահավետ լինի տնտեսության, բնակչության և պետության համար: Անհրաժեշտ է լիարժեք գնահատել և լուրջ տնտեսական հիմնավորում ներկայացնել, ինչը թույլ կտա կոնկրետ քայլեր ձեռնարկել:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտի» համար, որի գործարկումն, ըստ նախնական գնահատականի, պահանջում է $200-300 մլն ներդրում:

«Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը:

Ընթերցեք նաև. Երվանդ Զախարյանը` ՀԷՑ-ի կորուստների կրճատման, ԱԷԿ-ի ու գազի գնի վերանայման մասին