Երվանդ Զախարյանը` ՀԷՑ-ի կորուստների կրճատման, ԱԷԿ-ի ու գազի գնի վերանայման մասին

Երվանդ Զախարյանը` ՀԷՑ-ի կորուստների կրճատման, ԱԷԿ-ի ու գազի գնի վերանայման մասին

PanARMENIAN.Net - 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 798 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014 թվականի համեմատ 0,62 տոկոսով ավելի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ամփոփելով 2015 թվականի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքները, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ նախարարի՝ նախորդ տարի արտահանվել է 1 մլրդ 422 մլն կվ/ժամ էլեկտրաէներգիա դեպի Վրաստան, Իրան և ԼՂՀ: 1 մլրդ խմ-ից ավելի բնական գազ էլ ներկրվել է Ռուսաստանից:

Նախարարը նշել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015 թվականը բավական բարդ ու դժվարին տարի էր։ Սակայն հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները և բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական վիճակը բարելավելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու առումով։

«2015 թվականը ծանր տարի էր՝ կապված թանկացումների հետ, ինչը ոչ ցանկալի երևույթ էր, բայց մենք ստիպված գնացինք դրան: Ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ: ՀԷՑ-ը թույլ էր տալիս բավականին կորուստներ, ինչը պայմանավորված էր ոչ արդյունավետ կառավարմամբ», - ասել է Ե.Զախարյանը՝ հավելելով, որ գրանցվել է 36,4 մլրդ դրամ կորուստ՝ կապված ատոմակայանի և սակավաջրության հետ, դա արդյունք էր ոչ ճիշտ էներգահաշվեկշռի կազմման:

Նրա խոսքերով, նախարարության կողմից այդ հաշվեկշռի կազմման նոր կարգ է մշակվել. «Սկսած հոկտեմբերից լուրջ աշխատանք է տարվել կառավարման հետ կապված և այսօր արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում, դրանք կազմել են 11,1 տոկոս, իսկ նախորդ տարիներին կորուստներն ավելի մեծ էին»:

Անդրադառնալով նոր սեփականատեր «Տաշիր գրուպ»-ի աշխատանքին, նախարարը նշել է, որ վերջին ամիսներին ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել: «Այժմ լուրջ սպասելիքներ ունենք ընկերությունից, ներդրումային ծախսերի նպատակային օգտագործմամբ կունենանք ֆինանսապես կայուն և տեխնիկապես վերազինված համակարգ»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով Հայաստանի Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացումը, Զախարյանը նշել է, որ դա պայմանավորված է ֆինանսական հարցերով: Անդրադառնալով երկրորդ էներգաբլոկի վերանորոգմանը՝ նա նշել է, որ միայն դրա համար պահանջվում է 300 մլն դոլար, իսկ նոր բլոկ կառուցելու համար՝ շուրջ 600 մլն դոլար, հայտնում է Aysor.am-ը:

«Խոսքը գնում է 4500 սարքավորումների մասին: Դրանց մասով արդեն ուսումնասիրություններ կատարվել են և կան առաջարկություններ, սակայն փաստաթղթերի ծավալները բավականին մեծ են, որոնք էլ այսօր ուսումնասիրվում են: Մի մեքենա փաստաթուղթ կա, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն»,- ասել է նա:

Զախարյանը նշել է, որ 2015թ. ընթացքում Հայաստան է ներկրվել 1920,9 մլն խմ բնական գազ Ռուսաստանի Դաշնությունից և 371 մլն խմ՝ Իրանից, հայտնում է Tert.am-ը :

Այսպիսով` նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, ինչը պայմանավորվել է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ։ Սպառումը կրճատվել է հատկապես ջերմային կայաններում։ Գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները կազմել են 6,2 տոկոս։

Անդրադառնալով հարցին, թե կառավարությունը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնությանը գազի սակագինը վերանայելու հարցում, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Այո կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ գազի գնի վերանայման հետ կապված, այսօր բանակցությունների փուլում է, իսկ մնացած բոլոր խոսակցությունները հիմնավոր չեն»: Նախարարը հավելել է, որ դեռևս վերջնական որևէ որոշում չկա:

Ավելի վաղ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ վարչապետին առաջարկել էին դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը: 10 հազար խորանադր մետրից ավելի գազ սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---