26 ապրիլի 2016 - 10:25 AMT
Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում՝ ՀՀ նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի առանցքում

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահին: «Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել էր Սարգսյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա