Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա

Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա

PanARMENIAN.Net - Պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահին: Այդ մասին է հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ռուսական միջնորդությամբ ձերք բերված կրակի դադարեցումը կարող է բավարար պայման չլինել «էլ ավելի մեծ բախումներից խուսափելու համար»: Նա շեշտել է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններում ներգրավվել են հարյուրավոր տանկեր, արձակվել է ավելի քան 30 հազար հրետանային արկ:

Սարգսյանը նշել է, որ ադրբեջանական կողմը «շատ փոքր տարածքներ» է վերցրել շփման գծի հարավում ու հյուսիսում: Այդ տարածքները հայկական կողմի համար էական նշանակություն չունեն, ու լրացուցիչ կորուստներից խուսափելու համար դրանք վերադարձնելու փորձ չի արվում:

Նախագահը հայտնել է նաև, որ 2011 թվականին Կազանում բանակցությունների ժամանակ ցանկանում էր դուրս բերել հայկական զինուժը նախկին Ադրբեջանի ԽՍՀ հինգ շրջանից, թույլատրել խաղաղապահների տեղակայումը: ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահները կոչ էին անում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին ստորագրել փաստաթուղթ, որով կհետաձգվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ընդունումը, սակայն Ալիևը հրաժարվեց, նշել է Սարգսյանը:

«Դա մի ժամանակ էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթադոլարներով ու մեծացնում իր ռազմական բյուջեն, - ասել է Սարգսյանը՝ խոսելով Կազանում բանակցությունների մասին, - Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, սպասելի էր»:

Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում, սակայն ժամանակին նման խոսակցությունը «հիմքերից զուրկ» չէր:

«Եթե չկան հարաբերություններ, ինչպե՞ս կարող են ռուսական զորքերը հայտնվել Ղարաբաղում կամ Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի միջև», - նշել է ՀՀ նախագահը:

Մոսկվան, Սարգսյանի խոսքով, «բալանսավորված քաղաքականություն» է վարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ձգտելով խուսափել լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտից:

«Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել է Սարգսյանը:

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի մասին, Սարգսյանն ասել է, որ ոչ մի նոր առաջարկ նա Երևան չէր բերել, քանի որ հասկանում է, որ «իմաստ չկա խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմից անմիջապես հետո»:

Սարգսյանը նշել է, որ ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի միջնորդները պետք է առաջին հերթին վստահության մեխանիզմներ ներդնեն նոր բանակցություններ սկսելուց առաջ: Մասնավորապես, խոսքը գնում է հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու մեխանիզմի մասին, որը կմատնանշի որ կողմն է պատասխանատու դրանց համար:

Հայաստանը նաև պահանջում է հավաստիացումներ առ այն, որ իրավիճակի նման սրացումներ այլևս տեղի չեն ունենա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---