8 հունիսի 2016 - 15:51 AMT
ԼՂՀ հիմնախնդիրը, Ցեղասպանության ճանաչումն ու ՀՀ-ԵՄ գործակցությունը. Սարգսյան-Զեման հանդիպում

ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 8-ին կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը Չեխիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի կապակցությամբ ստորագրել են «Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»:

Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

«Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։

Իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ գործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ գործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի խոսքով, բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը:

«Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների», - շեշտել է նախագահը։

Նա հայտնել է, որ Զեմանին տեղեկացրել է նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին:

«Ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց:

Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»:

Նախագահը նշել է նաև, որ հայկական կողմի գոհունակությունն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ «Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:

Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային»:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռևս 2014-ին Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ընթացքում:

«Դա հիմնավորված էր նաև այն փաստով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ազգը ևս կկրեր նման տույժեր և պատմությունը կնմանվեր: Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկիր, ոչ Եվրամիության երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես իմ հայտարարությանը հաջորդող քայլ՝ կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևելով կատարեն նմանատիպ հայտարարություն»,-ասել է Միլոշ Զեմանը:

Ավելի վաղ, Չեխիայի նախագահը նույնպես հայտարարել է Ցեղապանության ճանաչման հարցով Չեխիայի խորհրդարան և Կառավարություն դիմելու իր մտադրության մասին: